ՍԵՎՔԱՐԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ - 28 Июля 2009 - Տեսանկյուն
Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2016.Դեկտեմբեր.03, 10:43
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հուլիս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 257

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հուլիս » 28 » ՍԵՎՔԱՐԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ
21:21
ՍԵՎՔԱՐԻ ԱՆՈՐՈՇ ԱՊԱԳԱՆ
nullՍեւքարը Իջեւանի տարածաշրջանի մեծ գյուղերից է, Տավուշի մարզկենտրոնից 25 կմ հեռավորությամբ: 2350 բնակիչ ունեցող շենը խմելու եւ ոռոգման ջրի խիստ կարիք ունի:
-Ոչ խմելու, ոչ էլ ոռոգման ջուր ունենք,-ասում է ՙԽռատանց Ղոբին՚ թաղամասի բնակչուհի Ամալյա Տարախչյանը:-Խմելու ջուրը ամաններով կրում ենք գյուղամեջի աղբյուրներից:
Գյուղապետարանում համայնքի ղեկավար Վլադիմիր Մարգարյանը ասաց, որ այդ թաղամասում, այնուամենայնիվ, խմելու ջրի մի ծորակ կա: Բնակիչներից ոմանք ստիպված են 100 մ հեռավորությունից դույլերով ջուր կրել: Սեւքարի բնակիչների կեսը երեք օրը մեկ, միջինը մեկ ժամ, իր տանը տեղադրված ծորակներից ջուր է ստանում: Մնացած մասն էլ ստիպված է լինում ջուր կրել գյուղի տարածքում գտնվող աղբյուրներից: Կրում են դույլերով, մեքենաներով: Ընթացիկ տարում 85 ընտանիքի ապահովելու նպատակով 2.3 կմ երկարությամբ խմելու ջրագիծ կկառուցվի մարդասիրական մի կազմակերպության ֆինանսավորմամբ: Գյուղից 35 կմ հեռավորությամբ, ՙՅոթ աղբյուր՚ տարածքում խմելու ջրի մեծ քանակություն կա: Խորհրդային շրջանում ջրագիծ է կառուցվել, որն անավարտ է մնացել,այն Սեւքար հասցնելու համար եւս 16 կմ խողովակաշար պիտի կառուցվի: Գյուղապետ Վլադիմիր Մարգարյանի խոսքերով`այն ջուր կմատակարարի ոչ միայն Սեւքարի, այլեւ հարեւան Սարիգյուղի եւ Ներքին Ծաղկավանի բնակիչներին: Գյուղապետարանը այս ջրատարի նախագծի համար 1 միլիոն դրամ է հատկացրել: Սակայն համայնքի ղեկավարը վստահ չէ` այս տարի ամերիկյան ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրով ջրագիծը կկառուցվի՞, թե` ոչ: Գյուղապետարանի շենքի առաջ հետաքրքիր ցուցակ էր փակցված, որտեղ ՙՅոթ աղբյուր՚ ջրագծի կառուցման նպատակով իրենց հողի հարկը վճարած սեւքարեցիների անուններն էին: Այս կերպ գյուղապետարանը փորձում է խթանել հողի հարկի հավաքագրումը: Համայնքը ոռոգման ջուր չունի, ուստի հողերի մի մասը չի մշակվում:

Սեւքարի գյուղապետ Վլադիմիր Մարգարյան

- 943 հա վարելահողից 400-ն է մշակվում, որից 70 հա` աշնանացան ցորեն, 35 հա` առվույտ, նաեւ փոքր տարածքում` եգիպտացորեն եւ ծխախոտ,-տեղեկացնում է համայնքապետը եւ հավելում, որ սահմանամերձ, վտանգավոր տարածքում գտնվելու պատճառով չի մշակվում 540 հա, որից 360 հա-ն նախկին խաղողի, դեղձի, նուշի, տանձ ու խնձորի այգիներ են: Անմշակ մնացած հողերի պատճառով ամեն տարի հողի հարկը շուրջ 1.5 միլիոն դրամով պակաս է հավաքագրվում: Դեռեւս 90-ական թվականներից այստեղ գույքահարկի շուրջ 14 միլիոն, հողի հարկի 41 միլիոն դրամ պարտք կա: Համայնքի 2009թ.-ի 28 միլիոն 715 հազար դրամ բյուջեից 16 միլիոն 836 հազարը պետական լրավճարն է: Սեփական եկամուտները կազմում են 8 միլիոն 797 հազար դրամ: Գյուղապետարանի հաշվապահ Ալմարա Աղասարյանը տեղեկացնում է, որ այս տարվա առաջին 5 ամիսներին պետք է հավաքեր 6 միլիոն 473 հազար սեփական եկամուտներ, սակայն հավաքագրվել է 2 միլիոն 156 հազար դրամ: Սարերում գտնվող, գյուղից 25-35 կմ հեռավորությամբ գտնվող խոտհարքների փոքր մասն է հնձվում, որովհետեւ տրանսպորտի եւ վառելիքի մեծ ծախսերի պատճառով այս գործը ձեռնտու չէ: 
Սեւքարը դեռ 19-րդ դարում մեծ բնակավայր էր,սակայն արտագաղթի պատճառով գյուղը քիչ է աճել: Հիմա էլ արտագաղթը շարունակվում է: Գյուղապետը ցույց է տալիս գյուղի կենտրոնում գտնվող, ջարդված պատուհաններով մեծ առանձնատների շարքը եւ ասում, որ դրանց տերերը բացակայում են: Քանի որ տները ցածր գին ունեն, գյուղի սահմանին, Սարիգյուղի հարեւանությամբ մի քանի տների տերեր դրանք քանդել եւ որպես շինանյութ են վաճառել:
 Համայնքի բյուջեի գրեթե կեսը` ավելի քան 13.5 միլիոն դրամ նախատեսված է գյուղապետարանի, մշակույթի տան, երաժշտական դպրոցի, գրադարանի ընդհանուր առմամբ 13 աշխատողների աշխատավարձի եւ սոցվճարի համար: Ընդ որում աչքի է զարնում աշխատավարձերի տարբերությունը: Միջին մասնագիտական կրթությամբ համայնքապետն ամսական 130 հազար, գյուղապետարանի քարտուղարը` 78 հազար,իսկ հաշվապահը 60 հազար դրամ աշխատավարձ է ստանում:
Մեծ գյուղում մանկապարտեզ չի գործում: Դրան ինչ-որ տեղ փոխարինում է ՙՀույսի կամուրջ՚ կազմակերպության ՙԸնտանիքի եւ երեխայի աջակցության կենտրոնը՚, ուր նախադպրոցական տարիքի 53 երեխա է հաճախում: Պետական բյուջեով 36 միլիոն դրամ էր նախատեսված մանկապարտեզի շենքի հիմնանորոգման համար, համայնքն էլ 3.5 միլիոն դրամ պիտի ներդներ: Սակայն այս դեպքում էլ ֆինանսատնտեսական ճգնաժամը իր սեւ գործն արել է. ծրագիրը սառեցվել է: Գյուղի հեռախոսակապի թվայնացման արդյունքում ազատվել է ՙԱրմենՏելի՚ շենքը: Համայնքապետը մտադիր է այն մասնակի նորոգելով` մանկապարտեզ դարձնել: Սեւքարի վերանորոգված մշակույթի տանը սամբոյի խումբ է գործում, վերջերս էլ պատանեկան մրցաշար է կայացել: Սակայն գյուղի միակ ֆուտբոլի մարզադաշտը անասունների արոտատեղի է: Գյուղապետի խոսքերով` ֆուտբոլի մարզիչ չունեն, խաղադաշտի ցանկապատն էլ գողացել են: Սեւքարի հիմնախդիրները շատ են: Դրանց լուծմանը աջակցում է թիվ 40 ընտրատարածքի պատգամավոր Միքայել Վարդանյանը, ում աջակցությամբ 2007-2008թթ. գյուղն ամբողջությամբ գազաֆիկացվել է, վերանորոգվել է հրետակոծված մշակույթի տունը, հարեւան մի քանի գյուղերի համատեղ օգտագործման համար տրվել է կոմբայն եւ վարի տրակտոր: 

Գյուղում հույսեր են կապում նաեւ դրսում ապրող իրենց հայրենակիցների, Երեւանում գործողՙ Սեւքար՚ հայրենակցական միության աջակցության հետ: Սեւքարը հպարտանում է իր նշանավոր հայրենակցով` հայդուկ Սարգիս Ծովանյանով: Սեւքարեցի Սաքոյի եւ գեներալ Հովհաննես Վարշամյանի կիսանդրիները զարդարում են գյուղի կենտրոնական հրապարակը, գյուղապետարանն էլ ներկայումս վերականգնում է հայդուկի ժառանգների տան մոտ գտնվող հին աղբյուրը, ուր նշանավոր ֆիդայուն նվիրված Ավ. Իսահակյանի, Ջիվանու ասույթներով սալատախտակներ կան:
Գյուղը հպարտանում է իր անցյալով, սակայն Սեւքարի ապագան անորոշ է թվում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ


Категория: Համայնք | Просмотров: 932 | Добавил: qamut | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис