Ո՞վ տեր կկանգնի սահմանագոտու ամրոցին - 29 Июля 2009 - Տեսանկյուն
Приветствую Вас Հյուր!
Շաբաթ, 2016.Դեկտեմբեր.03, 10:43
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Հուլիս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 257

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Հուլիս » 29 » Ո՞վ տեր կկանգնի սահմանագոտու ամրոցին
10:48
Ո՞վ տեր կկանգնի սահմանագոտու ամրոցին
nullՆոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը շրջափակված է լեռներով, երեք կողմից ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանի հետ Կոթիի սահմանագիծը շատ երկար է` 38 կմ: 1992-94 թթ. Օդունդաղի լանջերից, Փարաքլուի բլրից հակառակորդը «Գրադով» եւ տանկերով մահաբեր կարկուտ էր տեղում խաղաղ բնակիչների վրա: Չհայտարարված պատերազմի տարիներին Կոթիում 40 հոգի է զոհվել` ազատամարտիկ եւ խաղաղ բնակիչ: Կոթեցիներից յուրաքանչյուրը կռվի տարիներին հարազատ, ընկեր կամ դրկից է կորցրել: Այստեղ ամեն բլուր, ամեն թուփ մի հերոսական, ողբերգական պատմության հետ է կապված: Գյուղի յուրաքանչյուր միջոցառման, հավաքույթի ժամանակ անպայման հնչում է կոթեցի ինքնուս երգահան Լյուդվիգ Բաբլումյանի հուզիչ «Հուշարձանները» երգը, եւ կոթեցիների սրտերը համակվում են անհուն թախիծով` շաղախված զոհված ջահել-ջիվան տղաների պայծառ հիշատակով:

Հրադադարի հաստատումից 15 տարի է անցել, սակայն կյանքը սահմանագոտում դեռեւս արտակարգ իրավիճակ է հիշեցնում: Կոթի գյուղը զրկված է ոռոգման ջրից: Ոսկեպարի սարերից ձգվող, «ԻՖԱԴ» կազմակերպության ֆինանսավորմամբ կառուցվող ինքնահոս ջրագիծը պետք է շահագործման հանձնվեր դեռեւս 2007 թ.-ին, սակայն շինարարության վերջն այդպես էլ չի երեւում: Ջրատարի միջնամասում շինարարությունը ձախողվել է, այն ձախողած կազմակերպության փոխարեն մրցույթով նոր ընկերություն կընտրվի: Ակնհայտ է մի բան` ընթացիկ տարում էլ այս ջրագիծը չի գործարկվի: Արդեն 20 տարի, հայ-ադրբեջանական հակամարտության սկզբից ի վեր, Ջողազի ջրամբարի անգործության մատնվելուց հետո Կոթիի 4033 հա հողերից ոչ մի մետր չի ոռոգվում: Գյուղացու աչքը ջուր է կտրել ոռոգման ջրին սպասելիս: Մինչդեռ այդ ջրատարով Կոթիում պետք է ոռոգելի դառնա 550 հա հողատարածք, ինչի արդյունքում որոշակիորեն կավելանան համայնքի սեփական եկամուտները:

nullՓաստացի 2255 բնակիչ ունեցող գյուղը զրկված է նաեւ բնական գազից: Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնում է, որ նախնական ծրագրի համաձայն` գյուղի գազիֆիկացման խնդիրը կլուծվի մինչեւ 2012 թ.: Դեռ հարց է` կլուծվի՞: Գյուղը նաեւ խմելու ջուր չունի: Սահմանամերձ շենի բնակիչների միայն 20 %-ն է օգտվում իր բակում գործող ջրի ծորակից: Կոթեցիների մեկ երրորդն ընդհանրապես այս հնարավորությունից զրկված է, մյուսներն էլ ջուր են ստանում շաբաթը մեկ անգամ: Սովորական տեսարան է. մարդիկ այստեղ տեղական աղբյուրներից մեքենաներով եւ էշերով ջուր են կրում:

Գյուղի հողերից 1080 հա-ը սահմանամերձ է, դրանից 890 հա-ը ազատված է հողի հարկից, 560 հա վարելահող ականապատված լինելու եւ վտանգավոր գոտում գտնվելու պատճառով չի մշակվում: Մինչդեռ սահմանին գտնվող հողերն ամենաբերրին են: Այս տարի գյուղում 500 հա աշնանացան է կատարվել, 25 հա ծխախոտ է մշակվում, նաեւ քիչ քանակությամբ հաճար է ցանվել, տնամերձ հողամասերում էլ` կարտոֆիլ: Խորհրդային տարիներին խաղողի եւ պտղատու այգիների բերքով հպարտացող Կոթին հիմա, ոռոգման ջրի բացակայության պատճառով, այգիներ չունի:

Անասնապահությամբ զբաղվելու հնարավորություններն էլ սակավ են, որովհետեւ գյուղն ընդամենը 17 հա խոտհարք ունի, խիստ դժվար է ձմռանը անասնակեր կուտակելը: Կոթիում ընդամենը 1051 խոշոր եղջերավոր անասուն կա, որից 553-ը` կովեր: Որպես այս ամենի հետեւանք, սակավ է գյուղի բյուջեն` 29 մլն 740 հազար դրամ: Դրանից 21 մլն 776 հազարը պետական լրավճար է: Համայնքի սեփական եկամուտները կազմում են 5 մլն 329 հազար դրամ: Բյուջեի հիմնական մասն էլ ծախսվում է համայնքապետարանի ու նրա ենթակայության հիմնարկությունների` մշակույթի տան եւ 40 սան ունեցող մանկապարտեզի 24 աշխատողներին վճարելու համար:

Այսպիսի սուղ բյուջեով դժվար է որեւէ նշանակալից խնդիր լուծել գյուղում: Այնուամենայնիվ, համայնքապետարանը սեփական միջոցներով որոշ, ոչ մեծ ծրագրեր է կյանքի կոչել` կենտրոնական փողոցում գիշերային լուսավորություն է անցկացրել, կառուցապատել է Կոթիի կենտրոնական հրապարակը, բարեկարգել, կանաչապատել է համայնքապետարանի եւ մանկապարտեզի շրջակայքը: Գյուղում ներկայումս մեկ ծրագիր է իրականացվում: 2005 թվականից պետբյուջեի միջոցներով սկսվել է միջնակարգ դպրոցի շինարարությունը: Այս տարի կավարտվի կրթօջախի եռահարկ մասնաշենքի եւ կից շինությունների հիմնանորոգումը: Ցավոք, խորհրդային տարիների համեմատ բավականին նվազել է աշակերտների թիվը. շատերն արտերկիր կամ Հայաստանի այլ վայրեր են արտագաղթել: Այս տարվա շրջանավարտները` թվով 34 հոգի, ծնվել են պատերազմական ծանր` 1992 թ.-ին, եւ նրանց թիվը 10-ով ավելի է եկող տարի առաջին անգամ դպրոց ոտք դնողներից:

Կոթին սոսկ ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր չէ, այլ` յուրատեսակ ամրոց: Գյուղի բազմաթիվ երիտասարդներ համալրել են պայմանագրային զինծառայողների թիվը: Այս կերպ գյուղում սոցիալական լարվածությունն ինչ-որ չափով մեղմվում է: Պաշտպանության նախարարությունն էլ ներկայումս իր միջոցներով կոթեցի բազմազավակ, անօթեւան երկու ազատամարտիկների համար տուն է կառուցում: Սակայն եթե առաջիկա մի քանի տարիներին գյուղի ոռոգման եւ խմելու ջրի, գազիֆիկացման խնդիրները չլուծվեն, արտագաղթը կշարունակվի: Այդ դեպքում տեղացի պայմանագրային զինծառայողների քանակն էլ կնվազի:

Գյուղում սոցիալական, կենցաղային խնդիրներից զատ ուրիշ հիմնահարց էլ կա: Այստեղ` սահմանագոտում, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդումներն աղճատված են նայում: Ճիշտ է` կոթեցիները գյուղում, Հայաստանի հեռուստատեսային ցանցերի միջոցով նաեւ նույն հեռուստաընկերության արբանյակային ծրագիրն ու ռուսական «Առաջին ալիքն» ու «ՌՏՌ-պլանետան» են դիտում: Ռադիոընկերություններից էլ միայն Հայաստանի Հանրային ռադիոյի հաղորդումներն են հասանելի: Փոխարենը` եթերում բազմաթիվ են ադրբեջանական հեռուստա եւ ռադիոընկերությունների ծրագրերը:

Կոթիի համայնքապետարանի առջեւ նշանավոր համագյուղացու` մարշալ Բաղրամյանի կիսանդրին է: Ըստ մարշալի կենսագիր Արամայիս Մնացականյանի` Հովհաննես Բաղրամյանի պապը` Կարապետը, Կոթիից է գաղթել Չարդախլու: Ի դեպ, 1975 թ. այցելելով Կոթի` մարշալն ընդունել է այս փաստը: «Կոթեցի են» նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Սահմանամերձ համայնքի ավագանու որոշմամբ, Կոթի այցելության ժամանակ` 2007 թ. օգոստոսի 5-ին, նրանց համայնքի պատվավոր բնակչի կոչում շնորհվեց: Սեյրան Օհանյանն այն ժամանակ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, Սերժ Սարգսյանը` հանրապետության վարչապետը: Սերժ Սարգսյանը մատաղի արարողության ժամանակ ստանալով «պատվավոր կոթեցու» կոչում` կատակեց, թե համայնքապետը ժլատություն է արել եւ այդ կոչումից զատ 500 մետր հող չի տվել իրեն: Ապա լրջորեն ասաց, որ կառավարությունը կրկնապատկելու է Կոթիի նկատմամբ ուշադրությունը, որպեսզի սահմանամերձ տարածքի մարդիկ կարողանան խաղաղ ապրել եւ արարել այս տարածքում:

Անցած 2 տարում ի՞նչ է փոխվել սահմանամերձ շենի հիմնահարցերի հանդեպ կառավարության վերաբերմունքում…

Ոսկան Սարգսյան
Категория: Համայնք | Просмотров: 659 | Добавил: qamut | Рейтинг: 4.0/4
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис