Приветствую Вас Հյուր!
Երկուշաբթի, 2024.Ապրիլ.29, 02:39
Главная | Регистрация | Вход | RSS

Մենյու

Օրացույց

«  Օգոստոս 2009  »
ԵկԵրՉրՀնՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Поиск

Մուտք

Հղումներ

Տեսադարան

ՏԵՍԱՆԿՅՈւՆ

Մեր հարցումը

Արդյո՞ք սահմանամերձ գյուղերում անասնագողությունները կբացահայտվեն
Պատասխանների թիվը: 260

Եղ.տես./Տարադ.

Exchange Rates of Armenian Dram (AMD)

Ստատիստիկա


Օնլայն: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Главная » 2009 » Օգոստոս » 7 » Պահպանենք մեր ակունքների զուլալությունը
23:27
Պահպանենք մեր ակունքների զուլալությունը
Մարդկային պատմությոնը պատերազմների պատմություն է, ինչպես ճշտորեն բնութագրել է մեծ Նժդեհը: Մանավանդ մեզ` հայերիս համար: Այժմ էլ շարունակվում են պատերազմները, քանզի շարունակվում է պատմությունը: Պատերազմները, ինչ ասել կուզի, միայն հրացանով ու հրանոթով, ինքնաթիռով ու հրթիռով չեն լինում: Կան տնտեսական, հոգեբանական, բարոյական, գաղափարական, մշակութային ու այլևայլ տեսակների պատերազմներ:
Այսօր խիստ անհանգստացնող է տնտեսական հենքի վրա առաջ եկած մշակութային ահավոր պատերազմը: Առանձնապես վտանգավոր է այն, որովհետև ի զորու է ամայացնելու մշակութային ու մշակութաստեղծ դաշտը, ինչի հետևանքը ոգու սովն է, մարդկային հոգիների ամայացումը: Իսկ անապատացված հոգիներից ի՞նչ պահանջել: Նրանք իրենք են պատրաստ ընդունելու այն, ինչ կտան… Օ, սարսափ: Եվ մի՞թե այս պատերազմում մենք պիտի պարտվենք… 
Ցավոք` տխուր ու վշտակոծ այս հարցականն իսկ, որ ծնվում է ակամա, ցույց է տալիս, թե ինչքան մտահոգիչ են այսօրվա հրատապ խնդիրները` կապված ինքնապաշտպանության հետ: Ավաղ, ընդդիմանալով հանդերձ ավերիչ բանակին, ստիպված ենք արձանագրել, որ քիչ առ քիչ մշակութաքարոզչական մեքենան ընդունելի է դարձնում ներկա թեթևաբարո (ամեն տեսակետից) մակարդակը, ապազգային վարքուբարքը, աղավաղված ու գլխիվայր շրջված կենսափիլիսոփայությունը: Այո, մեծ է պարտության վտանգը, ինչը հավասար է ինքնաոչնչացման հետ հաշտության:
Քաղցը և փողը ինքնաարժեզրկման դրդիչներ են, դանդաղ գործող պայթուցիչներ, որ նենգորեն ու լավ մտածված կերպով գործի են դրվել ամենաբազմազան, երբեմն գրեթե աննկատելի դրսևորումներով: Իսկ երբ քեզ համոզում են, որ դու առանց իրենց ոչինչ ես ու պետք է անես, ինչ իրենք կասեն, այլևս վերադարձի տեղ չի մնում:
Ցավոք` այսօր մենք մեծավ մասամբ ենթարկվողի կարգավիճակում ենք հայտնվել ու գնում ենք դեպի կործանիչ անդունդը:
1915թ. մեծ եղեռնի սարսափներից Էջմիածնում գրեթե խելագարված Մարտիրոս Սարյանը, ուշքի գալով Թիֆլիսի հիվանդանոցում, ուր նրան բարեբախտաբար հասցրել էին ընկերները, որոշում է արևավառ, գունագեղ ծաղիկներ ու մրգեր նկարել: Նա քաջ գիտակցում է, որ ողբին ողբ ավելացնելով չես բուժի մարդկային սրտի անմխիթար վերքերը:
Պայծառ ու բարի լիցքերով միայն կարելի էր մեղմել անծայրածիր ցավը, որ ինչքան անհատական, նույնքան էլ համազգային էր:
Այսօր էլ ազգը ծանր վիճակում է` թեկուզև նորօրյա վերազարթոնքի լույսերով պսակված: Խելագար, ցավոտ, ցածր կրքերի հորձանքով են հեղեղում ազգի առօրյան, կենցաղը, միտքն ու հոգին. գողականներ ու քրեական ամենաբազմազան տարրեր, թեթևաբարոներ ու խեղկատակներ: Բացասականը ներկայացվում է դրական (բնական է, որ դրականն էլ հայտնվում է հակառակ բևեռում), մատուցվում, իբրև իրական կյանք, իբրև թե ճշմարտությունն է` դառն ու դաժան, բայց այն, ինչ կա: Սինն ու դատապարտելին, երևակայականն ու ապազգայինը (ասել կուզի` անբնականը, արհեստածինը, ռոբոտայինը) նայում ես, լսում ու ինքդ էլ քիչ առ քիչ վարակվում այդ ախտով, թմրադեղով` ուզում թե չես ուզում, ինքդ էլ խելագարվում, հիվանդանում, հանցագործ ես դառնում… Այլ կերպ` կորցնում ես Աստծու ստեղծած մարդկային վսեմ կերպն ու կերպարը, դեմքն ու դիմագիծը, աշխարհաշեն սերն ու լուլսը: Սատանայական մառախուղը ծածկում է աստվածային արևաշող հովիտները, սպառնում անգամ ադամանդյա, աստղահաս բարձունքներին: Հասանք մի տեղ, ուր չենք կարող, այնուամենայնիվ, չհիշել Թումանյանի հավերժական տողերը` ՙԳլխովը շատ ամպեր կանցնեն, սարը միշտ կա անսասան՚: Ավաղ, չմոռանանք նաև, որ այդ հզոր սարը սասանվեց, երբ չար ուժի գործիք դարձավ այդ նույն սարին ոգի տվող գեղեցկուհին: Ահա թե որտեղ է իսկական սպառնալիքը: Իհարկե` ճիշտ եք` հենց մեր մեջ: Ժողովուրդն ասում է` գողը որ տանից լինի, եզը երդիկով էլ դուրս կգա: Իսկ այդ ՙգողն՚ այսօր տարբեր չափերով հայտնվել է յուրաքնչյուրիս մեջ: Աստված տա` սխալված լինեմ:
Բայց իսկապես զարմանալի է` ինչպե՞ս կարելի է մոռանալ մարդկայինը, լուսավորը, վեհը, գեղեցիկը, աստվածայինը…
Մի՞թե մենք արևորդիների ազգ չենք, որ դարեդար ատել է խավարը և լույսը պաշտել, փարվել է հույսին և ատել հուսահատությունը, սիրել մարդասիրական, լավատեսկան կատակն ու երգիծանքը և ոչ թե հիմար հումորը, սև հումորը, խև հումորը:
Մեր հեռուստաեթերը ողողած անբովանդակ, ապագեղարվեստական կինոֆիլմերն ու ճղճիմ սերիալները միմիայն ցավին ցավ են ավելացնում, դաժանությանը գումարում դաժանություն: Գուցե հենց այսպիսի՞ն է ներկա Հայաստանի ճշմարիտ դեմքը, և լավ բան փնտրել կամ սպասել պետք չէ՞:
Խեղճ ժողովուրդ: Մարդիկ էլ միամտորեն կարծել են, թե դեռ լավ բանի հույս կա, թե կարելի է մի կերպ դիմանալ, մինչև գան երազած լավ օրերը: Ուրեմն չե՞ն գալու, ուրեմն իզու՞ր է տանջալի սպասումը: 
Բա էս առատաշնորհ ազգը ամլացա՞վ…
Ինքներս մեր ձեռքո՞վ ենք մեր դեմ պայքարում…
Երբեմն ինձ թվում է, թե այսպիսի հոդվածներն ընդամենը ինքնակսմիթներ են հիշեցնում` չթողնելու համար քնել, ընկնել զգոնությունից, պայքարել թմրամոլության դեմ: Բայց, ինչ էլ լինի, պետք են հոսանքին հակառակ լողացողներ, այլ կերպ անհնար է լինել: Այս է գոյապայքարը:
Երբեմն էլ թվում է անգամ, թե զուր են ջանքերը, քանի որ թմրեցումն ընդհանուր է, բայց, միևնույն է, պայքարն անհրաժեշտ է: Եվ հույսն ուրիշի վրա դնել չի կարելի, փրկությունը կախված է յուրաքանչյուրիցս:
Օդ ու ջրից առավել մեզ այժմ բարի, դրական լիցքեր են պետք, այլ ոչ թե դաժանության, սադիզմի, ցավի ու…այլ կերպ` բացասական լիցքեր:
Տվեք մեզ արևավառ գույներ, լուսավոր հույսեր, երջանկության երազներ, մարդասիրության և ոչ թե մարդատյացության փիլիսոփայություն: Սեր է պետք, ոչ թե սիրախաղ, կյանք է պետք, ոչ թե կյանքի պատրանք, լիարյուն հերոս է պետք, ոչ թե միակողմանի խրտվիլակ, հոգեպես հարուստ մարդ, ոչ թե փողերի մեջ լողացող ստահակ: Չէ՞ որ մշակույթը, կյանքից սնվելով, կյանք է արժևորում ու կյանք է ստեղծում:
 Լավն ու լուսավորը, բարին ու առաքինին պահանջելով` չենք ասում, թե կեղծն ու պատիրը տվեք, անիրականն ու սուտը: Ոչ: Խոսքն իրականի մասին է, իսկ այն կա: Տեսնել ու ցույց տալ է պետք առողջը, կենսահաստատը, գեղեցիկը: Հո միայն վա՞տը չէ իրական: Չարի մասին շատ խոսելով կամա-ակամա չարն ենք շատացնում, նրանով լցնում տեսողության, լսողության, մտածողության տարածքները: Ու տեղ չի մնում լուսավորի համար: Ետ չմնանք աշխարհից, բայց միայն բարձրն ու առաջնակարգն ընդունենք` մի կողմ հրելով, մեզնից վանելով ցածրն ու գռեհիկը, ստորն ու պղտորը, ապանակիչն ու կորստյան մատնողը:
Գուցե հեղեղի փիլիսոփայությու՞նն է գործում անխուսափելիորեն` եթե հեղեղ է, ուրեմն պղտոր է ու ամեն ինչով լեցուն: Գուցե: Համոզված եմ, սակայն, որ շատ շուտով մեր գետը կրկին կզուլալվի, ու իր վճիտ խորքերում կշողշողա մեր ինքնության հրաշքը. հավերժական Գեղեցիկը, որի ստեղծմանն ու պահպանությանն է կոչված հայոց արարչական ազգը:

Զավեն Պետրոսյան
Հայաստանի գրողների միության անդամ

Категория: Բնապահպանական | Просмотров: 1129 | Добавил: qamut | Рейтинг: 4.0/2
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Бесплатный Онлайн Сервис