Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
00:56 Խոսք հիշատակի | |
Կյանքի 69-րդ տարում մեզանից հեռացավ անվանի տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, տնտեսական պատմության և իրավունքի ամբիոնի վարիչ Լավրենտի Զաքարի Անանյանը:
Լ. Անանյանը ծնվել է 1940թ. Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում: 1956թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի պետհամալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 1961թ. տնտեսագետ-ֆինանսիստի որակավորմամբ շրջանավարտը տնտեսագետի պաշտոնով աշխատանքի է ընդունվել հանրապետության ֆինանսների նախարարությունում: 1962թ. ընդունվել է ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, 1966թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը, ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Ասպիրանտուրան ավարտելուց հետո աշխատել է որպես ավագ տնտեսագետ, կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող: Լավրենտի Զ. Անանյանն այն գիտնականներից էր, որը չէր կարող բավարարվել ձեռք բերածով, շարունակում էր կատարել լուրջ գիտահետազոտական աշխատանքներ, ուսումնասիրում էր երկրի առջև ծառացած հիմնախնդիրները և համապատասխան հանձնարարականներ մշակում դրանց լուծման համար: Այդ ընթացքում նա հանրագումարի բերեց իր կատարած գիտահետազոտական, գիտատեսական բնույթի աշխատանքները և ներկայացրեց որպես դոկտորական ատենախոսություն եւ այն հաջողությամբ պաշտպանեց 1984թ. Թբիլիսիում` ստանալով տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան: 1986թ. նշանակվել է ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի բաժնի վարիչ: 1987թ. նա տեղափոխվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ (այժմ` Հայատանի պետական տնտեսագիտական համալսարան) և ստանձնել տնտեսական պատմության և իրավունքի ամբիոնի վարիչի պատասխանատու պաշտոնը, որը ամենայն նվիրվածությամբ ու նախանձախնդրորեն վարում էր մինչև կյանքի վերջին պահը: Լավրենտի Անանյանի միտքը շարունակ պրպտումների մեջ էր: Նա հանրապետությունում առաջիններից մեկն էր, որ ձեռնարկեց մայրենի լեզվով տնտեսագիտական գրականության պատրաստումն ու հրատարակումը: Իրապես, լայն և ընդգրկուն է նրա գիտական ուսումնասիրությունների շրջանակը, հեղինակ է 90-ից ավելի ուսումնասիրությունների, մենագրությունների, ուսումնական ձեռնարկների և գիտական հոդվածների: Պրոֆեսոր Լ.Անանյանը ճանաչված էր ամբողջ հանրապետությունում, եղել է ՀՀ տնտեսագետների միության խորհրդի անդամ, ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի և ՀՊՏՀ-ի գիտական աստիճաններ շնորհող խորհուրդների, այնուհետև դրանց միացյալ խորհուրդի անդամ: 2004-2008թթ. ՙԲանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՚ գիտական հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալն էր: Նա անուրանալի ավանդ է ունեցել նաև գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում. բազմաթիվ ասպիրանտների գիտական ղեկավար էր, գիտական աստիճան հայցողների խորհրդատու, նրա ղեկավարությամբ տասնյակ երիտասարդ մասնագետներ հաջողությամբ թեկնածուական ատենախոսություններ են պաշտպանել և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Վաստակաշատ գիտնականն իր երկրի իսկական քաղաքացի էր, մտահոգված էր Հայաստանի Հանրապետության տնտեսության առջև ծառացած խնդիրներով ու հոգսերով: Ցավոք, անկատար մնացին նրա շատ ու շատ մտահղացումներ, ստեղծագործական ծրագրեր ու անելիքներ: Պրոֆեսոր Լավրենտի Զաքարի Անանյանի հիշատակը վառ կմնա բոլորիս սրտում: ՙՏեսանկյունի՚ խմբագրակազմը խորապես ցավակցում է Լավրենտի Զաքարի Անանյանի հարազատներին: | |
|
Всего комментариев: 0 | |