Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
21:46 Առողջապահական կրքեր` պոլիկլինիկայի շենքի ստվերի ներքո | |
Շուրջ մեկ տարի է,ինչ Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում գտնվող պոլիկլինիկայի շենքը դատարկ է: Առաջին հարկում լոկ տարածաշրջանի ռազմական ոստիկանությունն է, որ ժամանակավոր հանգրվանել է այստեղ: Կառույցը թափուր է, մինչդեռ այն հիմնանորոգելու համար հարկատուների գրպանից հարյուր միլիոնավոր դրամ է ծախսվել: 1997թ. հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժից առողջապահական շենքը բավական տուժել էր: 1998թ. պետբյուջեի միջոցներով պոլիկլինիկան հիմնանորոգվեց: Մի քանի տարի անց երկհարկանի շենքի շիֆերյա ծածկը ամբողջությամբ փոխարինվեց ցինկապատ թիթեղով: Այժմ պոլիկլինիկայի շենքի ճակատագիրն անհայտ է: Իսկ նոյեմբերյանցի ընտանեկան բժիշկները ստիպված են քաղաքային հիվանդանոցում երկու հոգով մի սենյակում տեղավորվել, մինչդեռ ընտանեկան յուրաքանչյուր բժիշկ իր գործունեության համար առնվազն 2 սենյակ պիտի ունենա: -Նոյեմբերյանում ընտանեկան բժշկի գրասենյակի ձեւավորումը տեղապտույտ է տալիս,- քաղաքի հիվանդանոցում կայացած քննարկման ժամանակ հայտարարեց ընտանեկան բժիշկ Նարինե Հովհաննիսյանը,- ով 2 տարի առաջ վերապատրաստվել է որպես ընտանեկան բժիշկ: Տիկին Նարինեի խոսքերով, Նոյեմբերյան քաղաքի ընտանեկան 3 բժիշկները չնայած հավաքագրել են քաղաքի բնակչության 90 տոկոսը, սակայն իրենք չունեն ոչ շենքային պայմաններ, ոչ սարքավորումներ, ոչ էլ լիցենզիա (արտոնագիր): Ընտանեկան բժիշկները շարունակում են բնակչությանը բուժօգնություն ցուցաբերել ոչ որպես ընտանեկան բժիշկներ, այլ` որպես թերապեւտ եւ մանկաբույժ: Բժկուհի Նարինեն տարակուսում է` ինչու? Կողբում, Կոթիում եւ Այրումում ընտանեկան բժիշկները պետական հիմունքներով են գործում, իսկ իրենց առաջարկվել է զբաղվել մասնավոր պրակտիկայով, ձեւավորել ՍՊԸ-ներ: Իրենց հուզող խնդիրների կապակցությամբ ընտանեկան բժիշկները դիմել են առողջապահության նախարարություն, Տավուշի մարզպետին, սակայն… Նոյեմբերյանի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հենրիկ Հարությունյանն էլ սույն քննարկման ժամանակ հայտարարեց, որ ծրագրով առաջիկա 3 տարիներին ընտանեկան բժիշկները կլինեն Նոյեմբերյանի հիվանդանոցի եւ պոլիկինիկայի միավորումից ստեղծվող միացյալ բուժհիմնարկի կազմում: Սակայն նրա խոսքերով, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնը դեռ չի ձեւավորվել եւ առաջիկա 4-5 ամսում էլ չի ձեւավորվի: Խնդրի հետագա քննարկումից պարզ դարձավ, որ որոշիչը Նոյեմբերյանի պոլիկլինիկայի շենքի գործոնն է: Նոյեմբերյանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը կարծում է, որ սահմանամերձ տարածաշրջանում բուժսպասարկման գործը բարելավելու համար հարկ էր այն թողնել միավորման արդյունքում ստեղծվելիք բուժհիմնարկի կազմում, արդեն լուծարված պոլիկլինիկայի շենքում տեղավորել Նոյեմբերյանի հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությունը, քաղաքի ընտանեկան բժիշկներին, այստեղ ստեղծել տարածաշրջանի 150 հաշմանդամների բուժօգնության կենտրոն,ինչպես նաեւ 2 սենյակ հատկացնել Երեւանից հրավիրված բժիշկներին: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյան էլ ասաց, թե պոլիկլինիկայի շենքի եւ դրան հարակից տարածքի հողահատկացումը կատարելէ համայնքը, որ լուծարված պոլիկլինիկայի շենքը փոխանցվել է պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշիռ: Քննարկմանը ներկա թիվ 40 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը նշեց, թե հարկ է հարցի համակողմանի քննարկում կատարել եւ որոշել, թե ո?րն է քաղաքի համար առավել ձեռնտու տարբերակը: Մեր ունեցած տեղեկություններով քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը կողմնակից է, որ Նոյեմբերյանի հետ բարեկամ հունական Վիրոնա քաղաքի ֆինանսավորմամբ պոլիկլինիկայի շենքի առջեւի հրապարակում կառուցվի քաղաքի երիտասարդական կենտրոն: Այս ծրագիրը դժվար թե իրագործվի, եթե պոլիկլինիկայի շենքը շարունակի ծառայել առողջապահական նպատակով: Մինչ կառավարությունը շենքի հարցում հապաղում է, Նոյեմբերյանի ընտանեկան բժիշկները շարունակում են ապաստանել հիվանդանոցի փոքրիկ սենյակներում, ուր հնարավոր չէ նորմալ բուժսպասարկում կատարել: Նոյեմբերյանցիներն էլ մեծամասամբ ձեռնպահ են մնում քաղաքի ծայրամասում գտնվող հիվանդանոցում մի կերպ տեղավորված ընտանեկան բժիշկներին այցելելուց: Անտեր մնացած պոլիկինիկայի շենքն էլ փչանում է այս տարի անպակաս անձրեւներից: Արդյոք, հարյուրավոր միլիոն դրամ արժեցող պոլիկինիկայի շենքը կծառայի? քաղաքի եւ տարածաշրջանի առողջության պահպանմանը, թե իշխանության հովանավորությունը վայելող մի մեծահարուստ էժան գնով ձեռք կբերի այն: Սա հավանաբար հայտնի կդառնա առաջիկայում: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |