Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
16:50 ԱՊՕՐԻՆԻ ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ «ԴԻԼԻՋԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ | |
Երիտասարդներն անտառում նախ հանդիպել են երկու տղամարդու. «Մեկի ձեռքին կացին էր, մյուսի ձեռքին` սղոց: Նրանք արդեն հատել էին ծառերը եւ արդեն կտրատում էին, որից հետո ծառի կտորները գլորվելով ընկնում էին ձորը` հեշտացնելով նրանց աշխատանքը,- պատմում է Մարիամը:- Ես հարցրի, թե արդյո՞ք իրենց հատումն օրինական է, նրանք ասացին` իհարկե: Ես էլ առաջարկեցի լուսանկարվել «օրինական» աշխատանք կատարելու պրոցեսում: Սղոցով երիտասարդ տղամարդն անմիջապես շրջվեց եւ հեռացավ, իսկ կացինովը տեղում պտտվում էր, որպեսզի խուսափի տեսախցիկի օբյեկտիվից»: Այդ օրը Մարիամը «Հետքին» ահազանգել էր ծառահատման վերաբերյալ, մենք էլ այդ մասին հաղորդել էինք բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը: Տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ահազանգ ստանալուց հետո իրենց տեսուչները «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների հետ ժամանել են դեպքի վայր եւ հայտնաբերել, որ «Դիլիջան» տեղամասի 12 քառակուսի (Աղվեսի թալա) կոչվող հանդամասում ապօրինի կարգվ հատվել են տարբեր տրամաչափի 7 կանգուն ծառեր: «Ազգային պարկի պահպանության եւ Դիլիջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների հետ կատարված համատեղ օպերատիվ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են ապօրինի ծառահատները: Կազմվել է համապատասխան արձանագրություն եւ ուղարկվել է Տավուշի տարածքային բնապահպանական տեսչություն»,- ասաց Արթուր Գեորգյանը: Տավուշի տարածքային բնապահպանական տեսչությունում պետք է հաշվարկեն հասցված վնասի չափը, եւ եթե այն կազմի 400 հազար դրամից ավելի, նյութերը կուղարկեն ոստիկանություն` քրեական գործ հարուցելու: Մարիամ Սուխուդյանը պատմեց, որ բացի հայտնաբերված ապօրինություններից, իրենք այլ ծառահատումների էլ են ականատես եղել: «Երբ այդ տարածքից հեռացանք, բացվեց մեկ այլ սարսափելի տեսարան, որտեղ մոտ 30-ից ավելի թարմ հատված հաստաբուն ծառեր կային: Մենք թեեւ հեռու էինք այդտեղից, բայց ես փորձեցի իմ տեսախցիկով ֆիքսել տարածքը, որտեղ երեւում են հատված ծառերը (լուսանկարները խմբագրությունում են): Այդտեղ երկու մեքենաներ կային, մեկը «Վիլիս» էր, մյուսն էլ բեռնատար, որը, հավանաբար, պետք է տեղափոխեր հատված ծառերը»,- հիշում է երիտասարդ բնապահպանը: Ծառահատները նկատել են, որ Մարիամը հեռվից լուսանկարում է իրենց եւ բղավել են նրա վրա, որ դադարեցնի նկարահանումը. «Երեւի մեզ հեռադիտակով էին հետեւում, որովհետեւ մենք բավականին հեռու էինք իրենցից: Մի քանի րոպե անց երկու տղամարդ արդեն մեզ մոտ հասան եւ հարցրին, թե ով է թույլ տվել լուսանկարել: Ես էլ ասացի` եթե դուք որեւէ ապօրինի բան չեք անում, ինչո՞ւ եք վախենում տեսախցիկից: Նրանք շատ ագրեսիվ էին տրամադրված, ես էլ զանգահարեցի «Հետքի» տված հեռախոսահամարով` բնապահպանական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանին, որպեսզի ծառահատները խոսեն նրա հետ: Նրանք խուսափեցին Գեւորգյանի հետ զրուցելուց, փոխարենը զանգահարեցին ինչ-որ մեկին եւ հետո արագ հեռացան մեր մոտից»,- պատմում է Մարիամը: Մարիամի ահազանգով տեսուչները եկել են այդտեղ. «Որոշ ժամանակ անց նախարարության տեսուչները այդ նույն «Վիլիսով» ծառահատների հետ եկան մեզ մոտ եւ ասացին, թե իրենք նայել են իմ նշած տարածքի ծառահատումները, եւ դրանք մասամբ օրինական են, մասամբ` ոչ»,- պատմում է Մարիամը: Ապացուցելու համար, որ ծառահատումն օրինական է, ծատահատում իրականացնողները Մարիամին տվել են բնապահպանության նախարարության տրամադրած անտառահատման տոմսի պատճենը, որը սահմանում էր 2009 թ. «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքային ծրագիրը: Ըստ անտառահատման տոմսի` հատման ենթակա ծառերը 25-ն են` 16 բոխի, 8 հաճարի եւ 1 թխկի: «Սակայն ես մեկ օրում տեսել եմ ավելի քան 30 հատված ծառեր: Այնտեղ կային նաեւ ծառի բներ, որոնց վրա փայտեր էին վառում, որպեսզի չորացնեին կոճղը, որ այն հին ու չորացած ծառի տեսք ունենար, սակայն դրանք նոր կտրած ծառեր էին»,- ասում է Մարիամ Սուխուդյանը: «Ապօրինի հատողներն ուրիշ մարդիկ էին, իսկ նրանք, ովքեր նախարարության անտառահատման տոմսն ունեին, օրինական են աշխատել»,- «Հետքին» տված հարցազրույցում վստահեցրեց «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Պողոսյանը: «Սակայն հնարավո՞ր է, որ 25 ծառ մթերելու թույլտվություն ունեցողներն ավելի շատ քանակով ծառեր հատեն»,- «Հետքի» այս դիտարկմանը Աշոտ Պողոսյանը պատասխանեց, որ իրենք ստուգել են եւ նրանց կողմից ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերել: Նույն դիտարկմանը բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Արթուր Գեւորգյանն այսպես արձագանքեց. «Կարո՞ղ է գիտեք` կապիկների դարում ենք ապրում, ամբողջությամբ շատ խիստ վերահսկվում է»: Արթուր Գեւորգյանը նշեց, որ փայտանյութ մթերողները չպետք է որեւէ թուղթ Մարիամին տրամադրեին. «Նրանք մեզ պետք է ապացուցեն, որ դա օրինական է, այլ ոչ թե ուրիշներին»,- ասաց Արթուր Գեւորգյանը: Իսկապես, եթե ծառահատումն օրինական է եւ այդ մասին տեղյակ է բնապահպանության նախարարությունը, ապա ի՞նչ կարիք կա որեւէ բան ապացուցելու երիտասարդ բնապահպանին: Այդ պատճառով էլ անտառահատման ականատես Մարիամ Սուխուդյանը վստահ է, որ նախարարության թույլտվություն ունեցողները եւս ապօրինի հատումներ են իրականացրել: «Եթե այդ ծառահատումն ամբողջությամբ օրինական էր, ինչո՞ւ էին նրանք փորձում նախ վախեցնել ինձ, ապա համագործակցության եզրեր էին փնտրում ինձ հետ, սակայն տեսնելով, որ ես անդրդվելի եմ, փորձում էին ինձ մաղարիչ-կաշառք առաջարկել, որ ես լռեմ եւ աղմուկ չբարձրացնեմ: Համենայնդեպս, ես այդ տպավորությունը ստացա նրանց պահվածքից, ինչն ինձ համոզում է, որ այդ ծառահատումը եւս անօրինական է,- ասում է երիտասարդ բնապահպանը եւ ավելացնում:- Եթե այս ապօրինությունը եւս չբացահայտվի, եւ մեղավորները չպատժվեն, ապա կասկած չկա, որ նրանք ունեն բարձրաստիճան պաշտոնյաների օժանդակությունը»: Հ.Գ. «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Աշոտ Պողոսյանը «Հետքին» պարզաբանեց, որ փայտանյութի մթերման համար մթերողը վճարում է ազգային պարկին, ապա վաճառում է հատված ծառերի փայտանյութը: «Ազգային պարկում հատումներ մինչեւ 2006 թվականը չեն եղել, դրանից հետո ԾԻԳ-ը կառավարման պլան ստեղծեց, որով թույլատրեց գերհասուն ծառերի հատումները: Մինչեւ 2011 թվականը ընդհանուր առմամբ պետք է հատվի 7 հազար խորանարդ մետր փայտանյութ»,- ասաց Աշոտ Պողոսյանը: Արման Ղարիբյան www.hetq.am | |
|
Всего комментариев: 1 | ||
| ||