Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
23:32 ՙԴատաստանագիրքը՚ կօգնի՞ | |
Հռչակավոր Գոշավանքի հարեւանությամբ հսկա մի փոս կա, ուր շինության հիմքեր են գցված ` իրար ագուցված մետաղալարերի երկար շարքերով: ՙԳոշավանք՚ պատմա-ճարտարապետական արգելոցի տնօրենի տեղակալ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ փոսի տեղում նախկինում մատուռներ են եղել: Անցյալ դարի 30-ական թվականներին մատուռները քանդել, տեղում դպրոց են կառուցել: Գոշ գյուղում միջնակարգ դպրոցի նոր շենք գործարկելուց հետո այդ տունը տրվել է Անահիտ Բաբինյանին: Ծագումով Դիլիջան քաղաքից Ջահան Մայիլյանը դեռ 1992-93թթ. նրանից գնել է այդ տունը: Անահիտ Բաբինյանը հիմա Ռուսաստանում է: Ուկրաինայի քաղաքացի Ջահան Մայիլյանը այստեղ ցանկանում է ստեղծել Մխիթար Գոշի անվան ինչ-որ կենտրոն: Այդ կենտրոնի շինարարությունը ներկայումս ընդհատված է: Ըստ Սուրեն Գրիգորյանի` Գոշավանքին կից այդ տարածքը 2000թ.-ի քարտեզագրման ժամանակ համարվել է անձնական սեփականություն: Նրա վկայությամբ` այստեղ շինարարություն կատարելու համար Մայիլյանը պետք է ունենար` պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության թույլտվությունը, ինչը չի ունեցել: Կառույցի շինարարությունը մի քանի անգամ արգելվել է: Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմեցի Գոշի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Լենա Արզումանյանին( համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանը այդ ժամանակ համայնքի գործերով բացակայում էր): Լենա Արզումանյանն ասաց, որ Ջահան Մայիլյանը ժամանակին այդ տունը գնել է վերակառուցելու նպատակով: Նա ցույց տվեց գյուղապետ Հովսեփ Վերանյանի գրությունն ուղղված Ջահան Մայիլյանին, ուր ասվում է. ՙԶգուշացնում եմ Ձեզ, որ Գոշավանք վանական համալիրի հարեւանությամբ Ձեր կողմից կատարված հողային աշխատանքների արդյունքում փոսորակը մեծ վնաս է հասցնում վանական համալիրին եւ շրջակա միջավայրին: Պահանջում ենք դադարեցնել շինարարությունը մինչեւ համապատասխան մարմինների համաձայնությունն ունենալը՚: Ե՞րբ է գրված այս գրությունը: Լենա Արզումանյանի վկայությամբ` վերջերս: Սակայն գրության վրա նշված է` 09.10.2005թ.: Ակնհայտ էր, որ վրիպում էր տեղի ունեցել, որի պատճառով դիմումի օրը 4 տարի ՙառաջ էր ընկել՚: Բանասիրական բարձրագույն կրթությամբ քարտուղարը այդ փաստից շփոթահար էր: Գյուղապետի սեղանին մի գրություն կար, որ նա դեռ չէր մակագրել: Այն Ջահան Մայիլյանի լիազոր անձ Աշոտ Հովհաննիսյանի դիմումն էր Հովսեփ Վերանյանին, որով գյուղապետին խնդրում էր քաղաքաշինության նախարարության հետ համաձայնեցնել այդ կառուցի նախագիծը: Տխրահռչակ փոսի մոտ ռուսալեզու մի ցուցանակ տեսա, ուր գրված է հետեւյալը. ՙԱյստեղ եղել է քանդված տուն: Այն կառուցել են խորհրդային շրջանում: Վիճակը սարսափելի է: Ցավոք, այդ տան պատերում եղել են հին խաչքարերի եւ գերեզմանասալերի կտորներ: Շենքը քանդվել է: Յուրաքանչյուր քարը ստուգվել է: Սեղանատանը դուք կարող եք տեսնել այդ տան պատմական մասունքների ավելի քան 400 կտոր: Այժմ ճարտարապետները մշակում են շենքի վերակառուցման մի քանի նախագիծ` միջնադարյան ճարտարապետության ոճով: Երբ նախագիծը համաձայնեցվի, շինարարությունը կշարունակվի՚: Տարօրինակ է, որ հայկական հողի վրա ռուսերեն լեզվով գրություն են փակցրել, բացակայում է հայերեն լեզվով բացատրությունը, ինչու չէ` անգլերեն եւ այլ լեզուներով տարբերակները: Տարօրինակ է` ինչպե՞ս կարող էին ՙքանդված՚ տունը նորից քանդել: Պարզ չէ` ինչու՞ է վիճակը սարսափելի, կամ ո՞վ է ստուգել յուրաքանչյուր քարը` մասնագետնե՞րը, թե` ուրիշները: Վերջապես նշված չէ, թե ե՞րբ է փակցվել այս գրությունը` մինչեւ Ջահան Մայիլյանին ուղղված գյուղապետի զգուշացումը, թե՞ դրանից հետո: Մխիթար Գոշի անունը, Գոշավանքի հռչակավոր վանական համալիրը տարեկան տասնյակ հազարավոր տուրիստներ են այստեղ հրապուրում, ուստի վանքի մոտ տարածք ունենալը շատ շահեկան է: Իսկ իրավասու մարմինները դեռեւս չեն կարողացել այս վիճահարույց հարցում հստակություն մտցնել, օրինականություն հաստատել: Միգուցե առաջնորդվեն Գոշի հռչակավոր ՙԴատաստանագրքով: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |