Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
23:50 ԴԻԼԻՋԱՆԸ ԿԱՌՈւՑԱՊԱՏՎՈւՄ Է | |
Դիլիջանում վերջին տարիներին դրական փոփոխությունները տեսանելի են, քաղաքը կառուցապատվում է: Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշելով առողջարանային քաղաքի առաջընթացը` չի թաքցնում հիմնախնդիրները, նշելով նաեւ դրանց լուծման գործում իշխանությունների աջակցությունը: - Պարոն քաղաքապետ, որքա՞ն էր Դիլիջան քաղաքի 2009-ի բյուջեն: - 2009 եւ 2010 թվականների բյուջեն հիմնականում նույնն է` շուրջ 600 միլիոն դրամ,որից վարչական բյուջեն` 295 միլիոն դրամ: Անցյալ տարվա բյուջեն կատարվեց գրեթե ամբողջությամբ` 99.8 տոկոսով: Անցյալ տարի համայնքի բյուջեի մեջ պետական լրավճարը 130 միլիոն դրամ էր, իսկ այս տարի այն նախատեսվում է 150 միլիոն դրամի չափով: Պետբյուջեից լրավճարի աճ է եղել, այս առթիվ շնորհակալություն եմ հայտնում կառավարությանը: - Քաղաքապետարանում եւ դրա ենթակայության ներքո քանի՞ աշխատող ունեք, որքա՞ն է աշխատավարձի ֆոնդը: - Քաղաքապետարանում 41 աշխատող կա, ունենք գեղավեստի եւ երաժշտական դպրոցներ, 6 մանկապարտեզ, մշակույթի պալատ, գրադարան, թանգարան, մարզադպրոց, քաղաքային զբոսայգի: Մշակույթի ոլորտում առկա է 102 աշխատող, 105 մարդ է աշխատում կրթության բնագավառում` մանկապարտեզներում : 2010թ. քաղաքապետարանի եւ քաղաքապետարանի ենթակայությամբ գտնվող հիմնարկությունների աշխատավարձի ընդհանուր ֆոնդը 165 միլիոն 232 հազար դրամ է: - Այս տարվա բյուջեով, քաղաքում ի՞նչ ծրագրեր են իրականացնելու: - Նախատեսվում է ավարտել Դիլիջանի երկրագիտական թանգարանի եւ պատկերասրահի եռահարկ շենքի շինարարությունը: Այն ամբողջովին կառուցվում է համայնքի միջոցներով: Նախատեսվում է կառույցը գործարկել ընթացիկ տարվա մայիսի վերջին: Շինարարությունը սկսվել է 2008թ.-ին: Այս տարի համայնքի բյուջեից կհատկացվի 11 միլիոն դրամ` հիմնականում կառույցի արտաքին հարդարման համար: Շինարարության ընդհանուր արժեքը կազմում է 230 միլիոն դրամ: Համայնքի բյուջեի մնացած միջոցները կուղղվեն քաղաքի ավտոճանապարհների հիմնանորոգմանը, Սայաթ- Նովա փողոցն ամբողջությամբ կասֆալտապատվի, զբոսաշրջության զարգացման նպատակով կբարելավվեն քաղաքի ենթակառուցվածքները: Դիլիջանը ֆինանսական կենտրոն դառնալու հետ կապված մեծ շինարարություն է սկսվել: 2008թ. կառավարության որոշմամբ Դիլիջանի նախկին հիվանդանոցի շենքը հատկացվեց ՀՀ կենտրոնական բանկին: Այժմ մեծ թափով ընթանում է կենտրոնական բանկի նոր շենքի շինարարությունը: Ֆինանսական այդ կառույցի շինարարությունում կընդգրկվի 220 աշխատող: - Քաղաքում ուրիշ ի՞նչ շինարարություններ են ընթանում: - "Ամերիա" բանկի հետ համատեղ, "2020" ծրագրի շրջանակներում, ՙՏրոյկա դիալոգ՚ ընկերության կողմից (ղեկավար` հայտնի գործարար Ռուբեն Վարդանյան) 550 երեխայի համար կառուցվում է անգլիական դպրոց` Թայլանդի թագավորական դպրոցի նման: Սա մեծ ծրագիր է, կարելի է ասել, որ քաղաքի մեջ քաղաք կկառուցվի` բոլոր հարմարություններով: Հավելեմ, որ Դիլիջանում մասնավոր սեկտորը աշխույժ շինարարություն է իրականացնում` հյուրանոցներ, հանգստյան տներ, առողջարաններ: - Դիլիջանում որքա՞ն է հողի կադաստրային արժեքը: - Այստեղ հողի կադաստրային 2 արժեք է գործում ` քառակուսի մետրը 1300 եւ 2000 դրամ: - Սողանքի վնասների մասին... - Դիլիջան քաղաքի ամենամեծ հիմնախնդիրը սողանքն է: Համայնքը իր ֆինանսական հնարավորություններով չի կարող լուծել այս խնդիրը: ՙՌոտոնդո՚ թաղամասը բլրի վրա է, այն ամբողջությամբ գտնվում է սողանքային գոտում: Քաղաքի տարբեր հատվածներում կան սողանքային գոտիներ, սակայն սա առավել ակտիվ, վտանգավոր տարածքն է:Դիմել ենք կառավարություն, հույս ունենք, որ այս հարցում կօժանդակի: - Խորհդային շրջանում, Նիկոլայ Կոսիգինի վարչապետության շրջանում 11 միլիոն ռուբլով հակասողանքային թունելներ են կառուցվել, որոնք այդպես էլ չեն գործարկվել: Դրանք հիմա կարո՞ղ են օգտագործվել: -Մեծ թունելներ են, որոնց շինարարությունը խորհրդային շրջանում այդպես էլ չավարտվեց, դրանք շահագործման չհանձնվեցին: Դրենաժային այդ 3 թունելների ընդհանուր երկարությունը 1700 մ է: 2008թ. կառավարությունը հանձնաժողով ստեղծեց, ուսումնասիրություներ կատարվեցին: Մեծ հանձնախումբ էր ստեղծվել, որի մեջ ընդգրկվել էին քաղաքաշինության նախարարության, ՙԱրփա-Սեւան՚ ընկերության ներկայացուցիչները, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը, Դիլիջանի քաղաքապետարանի ճարտարապետական բաժնի աշխատակիցները, քաղաքի ճարտարապետը: Բայց գործը կիսատ մնաց: 2009 թվականին, կապված ֆինանսական ճգնաժամի հետ, սույն նպատակով գումարներ չհատկացվեցին: Այդ թունելները միմյանց միացված չեն: Մնում է մասնագետների կողմից որոշակի ուսումնասիրություն, դրենաժները գործարկելու համար ներդրում կատարել, եւ այն քաղաքի համար կարող է փրկություն լինել: - Առողջարանային քաղաքում խմելու ջրի խնդիրն ինչպե՞ս է լուծվում: -2008-2009թթ. քաղաքում փոխվել է խմելու ջրագծի շուրջ 30 կմ ներքին ցանց: Ներկայումս Դիլիջանը, բացի Շամախյան թաղամասից, կարելի է ասել, շուրջօրյա ջուր է ստանում: Ջրի որակը նորմալ է : Սակայն քաղաքը սնուցվում մակերեսային ջրերից, անձրեւներից հետո ջրի որակն ընկնում է: Գործում են մաքրման 2 կայաններ, պարզապես դրանց կարողությունները ողջ քաղաքին մաքուր ջուր ապահովելու համար չեն բավարարում: Հնարավոր է` հետագայում մեծացվի խմելու ջրի մաքրման կայանների քանակը: - 2009-ի ամռանը, կապված տնտեսական ճգնաժամի եւ անկայուն եղանակի հետ, Դիլիջան տուրիստների մեծ հոսք չեղավ: Ի՞նչ է սպասվում այս տարի: - Չգիտեմ` այս տարի ֆինանսական ճգնաժամը կամ եղանակն ինչպես կազդի: Նշեմ միայն, որ ամանորին Դիլիջանի հանգստյան տներում, առողջարաններում, մասնավոր կացարաններում ազատ սենյակ չկար: Բայց 2009-ի ամռանը, 2008-ի համեմատ, զբոսաշրջիկների հոսքը 20 տոկոսով պակաս էր: Քաղաքում հանգստյան սենյակների գները տարբեր են` կախված հարմարություններից, միջինը օրական 7-8 հազար դրամ ` ներառյալ նախաճաշը: Քաղաքապետի զրուցից հետո շրջելով Դիլիջանում` ականատես եղա շինարարության, նաեւ "Ռոտոնդո" թաղամասում սպառնալից չափերի հասած սողանքի: Նորովի կառուցված Մատինովի աղբյուրի պատը սողանքից երկու տեղում ճեղք է տվել, քանդվել է ուղեւորների սպասասրահը: Սողանքից քանդված ճանապարհի հենապատի դիմաց հայկական ավանդական ոճով գրախանութ է : ՙԱրտբրիջ՚ ընկերության գրախանութի երիտասարդ վաճառողուհի Սանամ Քոչարյանը նկարչական գեղեցիկ ալբոմների, Դիլիջանի մասին պատկերազարդ գրքերի հետ երաժշտական սկավառակներ եւ մագնիս-կախիչներ է վաճառում` յուրաքանչյուրը 2500 դրամով: Հիմնական գնորդները արտասահմանցի զբոսաշրջիկներն են: Ամռան գալով, առողջարանային քաղաքի աշխուժացման հետ, գրախանութում վաճառքը կաճի: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 1 | ||
| ||