Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
11:30 ՀԻՆ ՇԵՆՔՈՒՄ` ՀԻՆ ԱՇԽԱՏԱՈՃՈՎ | |
Տավուշի մարզային գրադարանը, որպես հիմնարկություն, ստեղծվել է 1996թ.-ին: Գրադարանի շենքը Իջեւանի կենտրոնում, շատրվանների հրապարակից շուրջ 50 մ հեռավորությամբ է: Կառույցի արտաքին դասական տեսքը հարիր է մշակութային օջախին: Սակայն ներս մտնելով` կարծես մի ուրիշ, մռայլ աշխարհ ես ընկնում: Սվաղից զրկված, մերկացած պատեր, խոնավությունից բորբոսնած գրքեր, կիսաավերակ զուգարան: Գրադարանի տնօրեն, նկարիչ, գրող Սաշա Հովսեփյանի ուղեկցությամբ շրջում եմ տարածքում: Այստեղ առկա է 43 հազար կտոր գիրք, որոնք գտնվում են խիստ աննպաստ պայմաններում, խոնավության մեջ: 1958թ. կառուցված շենքը հողի մեջ է եւ անընդհատ խոնավություն է կլանում: Կառույցը գտնվում է Իջեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում , գրադարանը այն զբաղեցնում է առանց վճարի: Տնօրենի վկայությամբ` կառուցման օրվանից մինչ այժմ նորոգում չի կատարվել, չնայած որ մեկ տասնյակից ավելի կազմակերպություններ են զբաղեցրել, նախկինում (մինչ գրադարանի այստեղ տեղափոխվելը) երկու անգամ հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետքերը հիմա էլ տեսանելի են: Նոր հրդեհի վտանգը իրական է, որովհետեւ ձմռանը սենյակները փայտով են տաքացվում:
- Այստեղ օգոստոսին էլ մրսում ենք, էլեկտրական ջեռուցիչներով հնարավոր չէ տարածքը ջեռուցել,-վկայում է գրադարանավարի 28 տարվա փորձառություն ունեցող, սպասարկման բաժնի վարիչ Կարինե Քեռյանը: - Ձմռանն ամեն առավոտ ահը սրտումս եմ մոտենում գրադարանին, հանկարծ մոխրում մնացած կայծից գիշերը հրդեհ բռնկված չլինի,- խոստովանում է Սաշա Հովսեփյանը: Հակահրդեհային կանոնների խախտման պատճառով հրշեջ ծառայությունը մի քանի անգամ տուգանել է գրադարանին: Վառարանների մոտ պետք է ավազի կույտ, հրշեջ բալոններ, եւ այլ պարագաներ լինեն, որոնց գնման համար գրադարանը միջոցներ չունի: Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որի ենթակայության ներքո է մարզային գրադարանը, պատրաստ է վճարել էլեկտրականությամբ ջեռուցելու ծախսերը, սակայն չի թույլատրում վառելափայտով ջեռուցումը եւ բնականաբար չի վճարում վառելափայտի համար: Հիմա Սաշա Հովսեփյանը փայտ հայթայթելու նպատակով , աջակցության ակնկալիքով տարբեր դռներ է ծեծում: Անցյալ տարի Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է այս հարցում օգնել, հիմա աջակցող չկա: Որպես հարցի լուծման ՙպահեստային տարբերակ՚ մնում է աշխատակիցների կողմից փայտի համար գումար հանգանակելը: Գրադարանի բազում ՙդարդերի դարմանը՚ կարող է լինել շենքի հիմնանորոգումը: Քաղաքաշինության նախարարության կողմից հաստատվել էր շենքի վերանորոգման նախագիծը` 58 միլիոն դրամ արժեքով (որից 8 միլիոնը` ջեռուցման համակարգի կառուցման համար): Նորոգումը պետք է սկսվեր այս տարվա երկրորդ եռամսյակում, սակայն օգոստոսին Ս. Հովսեփյանը տեղեկացել է, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով գործը հետաձգվում է մինչեւ 2010թ.-ը: Մինչդեռ շենքի նորոգումը գրքային ֆոնդը կփրկեր ոչնչացումից: Գրադարանը 9 համակարգիչ ունի, որոնք պետք է իրար կապվեն ներքին ցանցով, հաճախորդների սպասարկումն էլ համակարգչով պիտի կատարվի: Հիմա դրանք անգործության են մատնված, լոկ 2-ն են միացված (մեկը` ինտերնետի ցանցին): Տնօրենն ասում է, որ ներքին ցանց անցկացնելու համար պետք է պատերին մալուխներ անցկացվեն: Հին, խոնավ շենքում նման ծախսեր կատարելը նա անիմաստ է համարում, սպասում է շենքի նորոգմանը: Քաղաքակիրթ աշխարհում, նաեւ Հայաստանի մարզային որոշ գրադարաններում սկսվել է գրքային ֆոնդի թվայնացումը, սեղմագրքերի ստեղծումը: Իջեւանում դա առայժմ երազ է: Մարզային գրադարանի 22 աշխատողներից լոկ 2-ն են տիրապետում համակարգչին, էլ չխոսելով անգլերեն լեզվի գիտելիքների բացակայության մասին: Մշակութի նախարարության ֆինանսավորմամբ գրադարանավար Մարինե Վարդապետյանը գարնանը Գիտությունների ակադեմիայի շենքում մասնակցել է ՙԱլեֆ՚ ծրագրի դասընթացին: Այդ ծրագրով համակարգչում հանրագիտարանային շտեմարաններ են ստեղծվում: Սակայն ուսուցումը օգուտ չի տվել, քանզի Մարինեն անգլերենին չի տիրապետում, ստացած գիտելիքներն էլ մոռացել է. համակարգչի հետ սակավ է գործ ունենում: Մշակութային օջախում սուր է մասնագետ, գրադարանային գործում նորույթները ընկալելու եւ յուրացնելու ունակ կադրերի պակասը: Ակումբա-գրադարանային գործի որոշ մասնագետներին թվով գերազանցում են ոչ մասնագետները` հիմնականում միջին մասնագիտական կրթությամբ հաշվապահներ, նաեւ պատմաբան, բանասեր, աշխատողներից մեկն էլ միայն միջնակարգ կրթություն ունի: Նրանց մի մասը մարզի եւ Իջեւանի ղեկավարների բարեկամներն են կամ էլ նրանց միջորդությամբ են այստեղ աշխատանքի տեղավորվել: Տնօրեն Ս.Հովսեփյանի խոսքերով` այդ աշխատակիցներն ընդհանրապես գրքասեր չեն, եւ աշխատավայրում սովորաբար զբաղված են սուրճ խմելով եւ քաղաքի վերջին անցուդարձը քննարկելով: Տնօրենը կարծում է, որ վաղուց հասունացել է գրադարանի աշխատողների ատեստավորման խնդիրը: Մանավանդ որ եկող տարի գրադարանի ֆինանսավորումը 20 տոկոսով կրճատվելու է: Այնումենայնիվ, այստեղ գործը կանգ չի առնում: Մարզային գրադարանը 2000 ընթերցող ունի, հանրապետական եւ մարզային թերթեր են ստացվում: Գրքային ֆոնդի համալրումը կատարվում է տարբեր հիմնա-դրամների կամ անհատների նվիրատվությունների միջոցով: Գրադարանում ներկայացված են Տավուշի մարզի գրողների ստեղծագործությունները, հայ դասականների հոբելյաններին նվիրված ցուցադրություններ: Հուզիչ է տնօրենի վաղամեռիկ որդուն` 17-ամյա Նարեկին նվիրված ցուցադրությունը: Տարիքին ոչ համեմատ խորիմաստ ասույթների հեղինակի հանկարծամահ լինելուց հետո տպագրվել են նրա ստեղծագործությունների երկու ժողովածուները: Կողքին հոր` Սաշայի նոր գրքերի համակարգչային օրինակներն են ցուցադրված: Պարզապես գրադարանի տնօրենը միջոցներ չունի դրանք տպարաններին հանձնելու: Հետաքրքիր է, որ գրադարանի աշխատակիցների մեծամասնությունը չի կարդացել տնօրենի հեղինակած գրքերը: Շենքի նորոգումը եւ գրքասեր, մասնագիտական նորություններին արձագանքելու ունակ աշխատակազմի ձեւավորման խնդիրը` ահա Տավուշի մարզային գրադարանի մարտահրավերները: ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ | |
|
Всего комментариев: 1 | ||
| ||