Նոյեմբերյանի Ջուջեւան գյուղում մեծացած, ուսում ստացած այժմ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւի մասին ՙԱռավոտում՚ տպագրված հոդվածը բազում արձագանքներ ունեցավ: Նույնիսկ հեռավոր Սամարայից մի ջուջեւանցի ինձ զանգահարեց, ասելով, որ Մուսաֆաեւները իրենց կենցաղով հայերից չէին տարբերվում, Շահինն էլ համեստ ու աշխատասեր էր: Մի նոյեմբերյանցի էլ ասաց, որ Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ուսանող Շահինը 1988թ. փետրվարի 21-ի երեկոյան ժամը 10-ին Երեւանի Թատերական հրապարակում ելույթ է ունեցել: Երբ միտինգ վարողը հայտարարել է ադրբեջանցի ուսանողի ելույթի մասին, դժգոհության ձայներ են լսվել: Սակայն Ադրբեջանի ապագա նախարարն իր ելույթում նշել է Ադրբեջանի կոմկուսի ղեկավար Նարիման Նարիմանովի 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հեղկոմին ուղարկած հեռագրի մասին, որով նա հայտարարել էր, որ Ադրբեջանը հրաժարվում է Ղարաբաղի, Նախիջեւանի եւ Զանգեզուրի նկատմամբ հավակնություններից: