Դիլիջան քաղաքի բնակիչ, 1970թ. ծնված Նիկոլայ Խանդամիրի Հովսեփյանը 2008թ. ամռանը Դիլիջանի կոմպոզիտորների հանգստյան տան տարածքից ապամոնտաժել եւ գողացել է 13 սմ տրամագծով, 18 մ երկարությամբ խողովակ` հանգստյան տանը պատճառելով 27 հազար դրամի նյութական վնաս: Նրան այս կապակցությամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որը նախատեսում է 4-8 տարի ժամկետով ազատազրկում: Եվ դա ընդամենը 27 հազար դրամի գողության համար: Նախաքննական մարմինը` Դիլիջանի քննչական բաժանմունքը այդ հոդվածով մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա նախկինում գողություններ կատարելու համար երկու անգամ դատապարտվել է: 2000թ. ապրիլի 4-ին Տավուշի ժողդատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 86 հոդվածի 2-րդ մասով նա դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Այնուհետեւ 2004թ. հոկտեմբերի 10-ին Տավուշի ժողդատարանը քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասով Հովսեփյանին դատապարտվել է 3 տարի, մեկ ամիս ժամկետով ազատազրկման : Փաստորեն մարդը երկու անգամ գողություն է արել եւ երկու անգամ դատապարտվել` ստանալով համաչափ պատիժ: Ներկայումս 27 հազար դրամ արժողությամբ խողովակի գողության համար խնամքին 2 անձ ունեցող Նիկոլայ Հովսեփյանին, որպես նախկինում հանցագործություններ կատարողի, խիստ պատիժ սահմանող հոդվածով է մեղադրանք առաջադրվել: Տվյալ դեպքում նախաքննական մարմինը հոդվածը առաջադրելիս գործող օրենսդրությամբ է առաջնորդվել: Սակայն որքանո՞վ է մեր օրենսդրությունը համապատասխանում եվրոպական չափանիշներին: Հովսեփյանը նախորդ երկու գողությունների համար իր պատիժը կրել է, չէ որ մարդ նույն հանցանքի համար մի անգամ պետք է պատիժ կրի: Ստացվում է, որ նա այժմ պատասխանատվություն է կրում նաեւ նախորդ գողությունների համար : Միթե՞ սա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում չէ: Կարծում ենք, որ այս հարցի շուրջ իրենց տեսակետը պիտի հայտնեն մասնագետ իրավաբանները: Միգուցե՞ օրենսդրական բարեփոխումների խնդիր կա: