Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
18:56 Մոռանալ Գոշին եւ գոշեցիներին | |
Տավուշի մարզի Գոշ գյուղը 400 տնտեսություն ունի, 1200 բնակիչ: Գոշավանքի դիմացի թաղամասը, որ տեղացիները ՙվերին թաղ՚ են անվանում, գտնվում է սողանքային գոտում: Համայնքի ղեկավար Հովսեփ Վերանյանի վկայությամբ` այստեղ սողանքային գոտում է գտնվում 68 առանձնատուն: Հայաստանի հասարակական մի կազմակերպություն գյուղում նախանցյալ տարի ուսումնասիրություն կատարելով` այդ առանձնատները վթարային է ճանաչել: Սակայն գյուղապետի խոսքերով` այդ կազմակերպության ուսումնասիրության արդյունքները պետության կողմից չեն ճանաչվում: -Եթե այդ տները պետականորեն վթարային ճանաչվեին, բնակիչները գոնե ընտանեկան նպաստ կստանային,-ասում է Հովսեփ Վերանյանը: Համայնքի ղեկավարը փաստում է, որ մեկ տասնյակ առանձնատուն հիմնովին քանդված է, բնակիչներն էլ ստիպված հարազատների տներում են բնակվում: - 4 տարի է` մեր տանը չենք ապրում, որովհետեւ տունս փլվել է: Այս հասակում ո՞ւր գնամ, իմ երկրից ո՞ւր հեռանամ: 4 տարի է, հորեղբորս տղայի տանն եմ ապրում` նեղ շենքի մեջ: Բարձրագույն կրթությամբ տղաս սիրած աղջիկ ունի, սակայն տան պատճառով չի կարող ամուսնանալ, ստիպված թողել-գնացել է Ռուսաստան: Մենք էլ մնացել ենք այսպես խաչված վիճակում: 4 տարի իմ տունը քանդված է, մի պետական պաշտոնյա չի եկել, որ հարցնի` որտե՞ս ապրում, ո՞նց ես ապրում, այսպես երկիր կլինի՞,-նեղսրտում է ՙԳոշավանք՚ պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանը: Նա կնոջ հետ բարեկամի տանն է ապրում, բարեկամն էլ արդեն Ռուսաստանից Երեւան է վերադարձել: Արծրունը չգիտի`եթե ամռանը հորեղբոր որդին որոշի հանգստանալ Գոշում գտնվող սեփական տանը, ինքը` կնոջ հետ որտե՞ղ է ապրելու:
Սողանքը ոչ միայն Արծրուն Հովսեփյանի տունն է քանդել, այլեւ քանդել նաեւ կից շինությունները, անասնագոմը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է եկել, իրավիճակը տեսել, ես եմ մարդկանց տներում եղել,-ասում է Գոշ համայնքի ղեկավարը: -եթե մենք ոչնչով չենք կարողանում օգտակար լինել, մեր տեսնելն ի՞նչ կարող է տալ, հիմնահարցը ներկայացվել է կառավարություն: Իմ դիմելուց հետո, նախանցյալ տարի, իբր մտցրին կիսավարտ շինությունների ցուցակի մեջ, բայց նորից ՙսայլը տեղից չշարժվեց՚ Հովսեփ Վերանյանն ասում է, որ սողանքն ակտիվացել է անցյալ դարի 90-ական թվականներին, 1994 կամ 95 թվականին սողանքի գոտու բնակիչներին բնակարանի կեղծ օրդերներ են տվել, գյուղի ներքին թաղամասում` Ներքին Գոշում դեռ չկառուցված բնակարանների օրդերները: Այդ տների շինարարությունը դեռեւս խորհրդային շրջանում ` 1987թվին էր սկսվել: Այժմ դրանց մի մասի հիմքերն են կառուցված, մյուս մասի պատերը կանգուն են: -Մենք հեուստատեսությամբ լսում ենք, որ հանրապետության տարբեր վայրերում բնակարաններ են կառուցում: Միթե՞ Գոշը հանրապետության տարածքում չէ, 20 տարի անուշադրության ենք մատնվել,ոչինչ չի արվում,-ասում է Գոշի գյուղապետը: 2005թվականին գյուղում ճապոնական դրամաշնորհով հակասողանքային ծրագիր է իրականացվել, որի արդյունքների մասին համայնքի ղեկավարն ասում է. - Սկզբում, տարի-տարիուկես ծրագիրն օգնեց, սողանքը չէր ակտիվանում: -1-1.5 մ խորությամբ դրենաժներ են կառուցել, որոշ տեղերում դա օգնել է, ուրիշ տեղերում հողի սողքը շարունակվում է,-ասում է Հ. Վերանյանը: ՙԳոշավանք՚ պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Արծրուն Հովսեփյանի խոսքերով` հակասողանքային ճապոնական ծրագիրն էական արդյունք չի տվել, ջրահեռացման խողովակները ձեւախեղվել են, որովհետեւ ջրերի կուտակումը 8 մ խորությամբ է տեղի ունենում, ուր ընդերքը խմորի է նման: -Մենք էլ ենք աղետի գոտի, սակայն անտեր, անտիրական,-ասում է Արծրունը: 30-ամյա Անդրանիկ Դավթյանը իր կնոջ, անչափահաս երկու երեխաների եւ 80-ամա տատի հետ ապրում է սողանքի գոտում: Սողանքը քանդել է նրա հորական տունը, որի ավերակները ներկայիս տնից մի քանի մետր հեռավորությամբ են: Ամեն գիշեր նա քնում է ահը սրտում: Հողի մի հսկա զանգված սպառնում է տանը: Նա բահով տոննաներով հող է հեռացրել առանձնատան հետեւից, սակայն ՙսողացող հրեշն՚ անընդհատ մոտենում է: -10 տարի առաջ վերադարձել եմ ազգային բանակում ժամկետային ծառայությունից: Այս տասնամյակի ընթացքում 15 անգամ զորահավաքներին, վարժանքներին ինձ կանչել են, միայն այդ ժամանակ են մեզ հիշում, իսկ սողանքի մասին մոռանում են,-դժգոհում է Անդրանիկը: Այդ թաղամասում շատ տներ հողին են հավասարվել, տներից մեկի կտուրը պոկվել է, մի ուրիշ տան ճանապարհն էլ սողանքը քանդել-փակել է, վառելափայտը 100 մետր հեռավորությունից ձեռքով են կրում: Հողակույտով լցված մի բացատ ցույց տալով` գյուղապետ Վերանյանն ասում է. -Այստեղ 4 տուն է եղել, հողը քշել-քանդել է: Համայնքի ղեկավարը 6 անգամ գրավոր զգուշացրել է սողանքային գոտում գտնվող վթարային տների բնակիչներին, որ նրանց այդտեղ ապրելը վտանգավոր է, նրանք պիտի լքեն տները: Անդրանիկ Դավթյանի վկայությամբ` իրենց տները լքելու զգուշացում ստացել են նաեւ Տավուշի մարզպետարանից: Սողանքային գոտում է գտնվում նաեւ հռչակավոր Մխիթար Գոշի դամբարանը: Դամբարանի մատուռը կիսաքանդ է: Անցյալ տարվա աշնանը այստեղ է այցելել Հայաստանի սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը` բազում ուղեկիցներով: Որոշվել է կիսաքանդ դամբարանը վերականգնելու համար համախմբել հայ իրավաբանների, սփյուռքի մեր հայրենակիցների հնարավորությունները: Դամբարանի կողքին քար է կանգնեցված, ուր գրված է. ՙԱյստեղ հանգչում է իմաստուն օրենսգետ, հմուտ առակախոս եւ ուսուցչապետ Մեծ Մխիթար Գոշը (1130-1213): Հիշեցեք հայ դպրության անխոնջ նվիրյալին՚: Ինչպես երեւում է` մեր կառավարությունը չի հիշում ոչ Մխիթար Գոշին , ոչ էլ սողանքի ճիրանններում հայտված գոշեցիներին: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |