Ավելի քան մեկ ամիս է, ինչ ավարտվել է Նոյեմբերյան քաղաքում գտնվող Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի շենքի հիմնանորոգումը: Այս նպատակով շուրջ 200 միլիոն դրամ է ծախսվել: Չնայած շենքի նորոգումը դեռ ամանորից առաջ է ավարտվել, սակայն դատարանի շենքը ներկայումս դատարկ է: Դատական կուլուարներում ասում են, որ նորոգված շենքը, որտեղ արտաքին հսկողության տեսախցիկներ կան տեղադրված, պիտի հագեցվի նոր կահույքով: Այն բերվում է Իտալիայից եւ դեռ տեղ չի հասել: Մեծ շենքում ընդամենը 7-8 հոգի է աշխատելու` դատարանի աշխատակազմը եւ դատական կարգադրիչները: Եվրոպական չափանիշներով արգելվում է դատարանի շենքում այլ ծառայության` ասենք դատախազության կամ փաստաբանների մշտական ներկայությունը, քանզի նրանք կարող են ճնշում գործադրել դատարանի կողմից կայացվող վճիռների ընդունման գործում: