Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
00:12 ՓՈՔՐ ԱԽՊԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈւՄ | |
![]() ![]() Բարեկամավանում իմ գտնվելու ժամանակ էլ կրակոցներ էին հնչում: Գյուղացիներն ասացին, որ սովորական երեւույթ է, ողջ գյուղն է ադրբեջանական գնդակոծության թիրախ: Ադրբեջանական ռմբակոծությունից վնասված տների մի մասը տանտերերը մի կերպ նորոգել, դրանցում ապրում են: Գյուղապետարանից տեղեկացա, որ հրետակոծությունից տուժած եւ չվերանորոգված 10 տուն հաշվառվել է պետական օժանդակության ցանկում, եւ հույս կա, որ փոխհատուցում կլինի: Գյուղում վերջին 2 տարում մի վատ երեւույթ է առկա: Այստեղից հեռացած բարեկամավանցիներն էժան գնով, որպես շինանյութ, վաճառել են տները: Այժմ այդ պատճառով մի քանի տուն կա քանդված: Բարեկամավանի 160 առանձնատների կեսի դռները հիմա փակ են: Հեռավոր, վտանգավոր բնակավայր հազվադեպ է լրագրող գալիս, ուստի ինձ տեսնելով մարդիկ գյուղամեջում հավաքվեցին` իրենց դժգոհություններն ասելու: ![]() - Ձորի մեջ սարերով փակված ենք: Այստեղից դուք Հայաստանի որեւէ տարածք տեսնում ե՞ք, այնպես էլ Հայաստանից մեզ չեն տեսնում: Կտրված ենք աշխարհից: Գյուղում ընդամենը մի քանի ջահել է մնացել, նրանք էլ սոված այստեղ են: - Մեր արոտավայրերը սահմանի վրա են, անասուններն արածեցնելու տեղ չունենք, ապրանքը չենք կարողանում ջրելու տանել, մեր սահմանապահների շները հարձակվում են կենդանիների վրա, շներին գոնե միայն գիշերը արձակեին,- սրտնեղում է կենսաթոշակառու Վազգեն Մեհրաբյանը: ![]() Սահմանամերձ շենի շուրջ 400 հա վարելահողերից 60 հա-ն գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, մնացած հողերն էլ հակառակորդի նշանառության ներքո լինելով` չեն մշակվում: Նախկինում փորձել են ազերիների կրակի տակ հող մշակել, սակայն 1996թ. շարքացանի մոտ Սերյոժա Վիրաբյանի սպանվելուց հետո այլեւս չեն փորձում: Փաստորեն գյուղի միայն տնամերձերն են մշակվում: Դրա դիմաց համայնքապետարանը 211 հազար դրամ հողի հարկ է գանձում: Բարեկամավանի գյուղապետ Գարիկ Աբազյանը կարծում է, որ ճիշտ չէ սահմանի եզրին, ծանր պայմաններում ապրող մարդկանցից տնամերձի հարկ վերցնել: Նրա կարծիքով` այդչափ պետք է ավելացվի պետբյուջեից Բարեկամավանին տրվող լրավճարը: Գյուղապետարանի հաշվապահ Մարինե Ղարաքեշիշյանը հայտնեց, որ չմշակվող հողերի համար պետբյուջեից 906 հազար դրամ լրավճար է հատկացվում: Բարեկամավանի 2010-ի բյուջեն 8 միլիոն 195 հազար դրամ է, որից պետական լրավճարը` 5 միլիոն 720 հազար , համայնքի սեփական եկամուտները` 575 հազար դրամ: Անցյալ տարի հողի հարկը եւ գույքահարկն ամբողջությամբ գանձվել է: 2008թ. հոկտեմբերի 19-ից համայնքը ղեկավարող Գարիկ Աբազյանն ասում է, որ համայնքը ոռոգման եւ խմելու ջուր չունի: Մի քանի տարի առաջ Փախստականների նորվեգական խորհրդի ֆինանսավորմամբ 3.5 կմ խմելու ջրագիծ է կառուցվել: Սակայն Գավառից շինարարները գործն անորակ են արել, ջրագիծը մի տարի էլ չի աշխատել: Շինարարները այդ ջրագծի ջրամբարը կառուցել են հնավայրի վրա: Բարեկամավանի դպրոցի պատմության ուսուցիչ Յուրա Չիթչյանը տեղեկացնում է, որ ջրամբարի տարածքից 2 կոտրված կարաս է դուրս եկել, եւս 8-ը շինարարները ծածկել են կառույցի հիմքում: Բարեկամավանցիներն օգտվում են թաղերում գտնվող 4 աղբյուրներից, սակայն ամռան տապին դրանց ջուրը շատ է նվազում: 1980-կան թվականների սկզբին 1100 բնակիչ ունեցող գյուղում հիմա 453 մարդ է ապրում: Համայնքապետարանի քարտուղար Խալաթ Մարտիրոսյանը ներկայացնում է ծնունդների եւ մահերի տխուր վիճակագրությունը. 2008-ին 15 մահ է եղել, 2 ծնունդ, անցյալ տարի` 10 մահ, 3 ծնունդ, ընթացիկ տարում` 3 մահ եւ ոչ մի ծնունդ: 2009թ. սեպտեմբերին Բարեկամավանի միջնակարգ դպրոցում առաջին դասարան չի եղել, 2010-ի աշնանն էլ չի սպասվում: Մինչդեռ 1970-ական թվականների սկզբին տեղի ութամյա դպրոցն ունեցել է 350 աշակերտ: Հիմա Բարեկամավանի միջնակարգ դպրոցում սովորողների քանակը 10 անգամ պակաս է` 35 աշակերտ: Այս տարի դպրոցը միայն մեկ շրջանավարտ է ունենալու` Մերի Շահինյանը: Գյուղի պաշտպանության դիրքերում զոհված բարեկամավանցի Մայիս Ղարաքեշիշյանի անունը կրող կրթօջախի տնօրեն Աստղիկ Ազատյանն ասում է, որ 1-3 եւ 2-4, 10-11 դասարանները երկկոմպլեկտ են, այստեղ նաեւ խտացված դասեր են անցկացնում, օրինակ հայ ժողովրդի պատմության դասաժամը համատեղում են հայ եկեղեցու պատմության հետ: 1998-ին պետբյուջեի 10 միլիոն դրամով նորոգել են դպրոցի շենքը: Դպրոցի տնօրենը դժգոհ է մնացել նորոգման որակից, բողոքել շինարարների դեմ, սակայն` անօգուտ: Հիմա էլ տեսանելի են ադրբեջանական ռմբակոծության հետքերը, տանիքը ծակ է, որոշ դասասենյակներ, օրինակ ռազմագիտության կաբինետը, տուժել են անձրեւներից: Բարեկամավանում երիտասարդներ քիչ են մնացել: Նրանց համար ժամանցի, հանգստի ոչ մի հնարավորություն չկա: ![]() -Հայաստանի համար սփյուռք ենք դարձել,- տխուր կատակում է Խալաթ Մարտիրոսյանը: Հայաստանի սահմանի այս հատվածի եթերում առկա է վրացական 7-8 հեռուստաալիք: Բարեկամավանում ով ֆինանսական հնարավորությունի ունի` մոտ 25 ընտանիք, արբանյակային ալեհավաք է տեղադրել: Գյուղապետ Գ. Աբազյանը, հիմնահարցերի հետ նշում է նաեւ համայնքում կատարված աշխատանքները. 2004-ին ԻՖԱԴ կազմակերպության ֆինանսավորմամբ կառուցվել է Ոսկեվան-Կոթի Բարեկամավան ճանապարհը, որը կարեւոր է գյուղը մայրուղուն կապելու համար, ՙԲժիշկներ առանց սահմանների՚ կազմակերպությունը նորոգել է բուժկետը, հագեցրել գույքով եւ առաջնային օգնության դեղամիջոցներով, Համաշխարհային բանկի վարկավորմամբ համայնքը մի քանի փուլով գյուղտեխնիկա է ստացել` մինի տրակտոր, գութան, շարքացան, կուլտիվատոր, մամլիչ-բարդուցիչ, էքսկավատոր եւ այլն: 17.9 միլիոն դրամ արժեքով այդ ծրագրում համայնքի ներդրումը` 1.2 միլիոն դրամ, կատարել է ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը, որի համար բարեկամավանցիները երախտապարտ են: Համայնքի ղեկավարն ասում է, որ գյուղի խնդիրները լուծելուն օգնում է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով վերջին մեկուկես տարում 3 անգամ Բարեկամավան է այցելել: Գարիկ Աբազյանը կարծում է, որ հանրապետության գործարարները, բարեգործները պետք է հնարավորինս օգնեն Բարեկամավանին, քանզի այս գյուղը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Վերջերս Տավուշի մարզխորհրդի նիստում Գ. Աբազյանը հայտարարեց, որ գյուղի նկատմամբ կառավարության ուշադրություն է հարկավոր: ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանն ասաց, որ առաջիկայում ինքը կլինի Բարեկամավանում, տեղում կքննարկվեն գյուղի խնդիրները: -Այս տարին կարող ենք հայտարարել Բարեկամավանի տարի, - եզրափակեց Արմեն Գեւորգյանը: 29-ամյա Գարիկ Աբազյանը կառավարման ակադեմիայի իրավագիտության մագիստատուրան ավարտելուց հետո 2007թ. հայրենի գյուղ է վերադարձել, ապրում է ծնողների եւ եղբոր հետ: Համայնքի ղեկավարը դեռ չի ամուսնացել, հույս ունենալով, որ հայրենի շենում կյանքի պայմանները փոքր-ինչ կբարելավվեն: Իսկ փոքրիկ Բարեկամավանում մի ամուսնությունը, մեկ երեխայի ծնունդն էլ մեծ իրադարձություն են: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |