Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
10:26 Սահմանագոտու բնակիչներն անասնագողություններից տագնապահար են | |
Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բաղանիս գյուղում գողացել են Հրանտ Եդիգարյանի 26 խոշոր եղջերավոր անասունը: Եդիգարյաններն անասունները Թարաքյամա սարամասում են պահում, Բաղանիսից 35 կմ հեռու: Սեպտեմբերի 4-ին այդ ամառանոցում կոտրվել էր Հրանտի կնոջ` 61-ամյա Նելլիի ձախ ոտքը: Այդ պատճառով հարկադրված եղան նախիրը ժամանակից շուտ սարից գյուղ իջեցնել: Սեպտեմբերի 9-ից նախիրը պահում էին Բաղանիսում, տանից մոտ 50 մետր հեռավորությամբ գտնվող, իրենց անասնաֆերմային կից, մետաղացանցով ցանկապատված տարածքում` «աղալումե: Գողերը կտրել են մետաղացանցի մի հատված եւ անասունները տարածքից դուրս բերել:
-Չգիտենք` գիշերվա որ ժամին են կովերը գողացել: 4 զգոն շուն ունենք, երբ ծիտը թռչում էր, հաչում էին, այդ գիշեր ձայն չեն հանել: Հարեւանի` Արամ Բայրամյանի շունն էլ չի հաչել, -ասում է տիկին Նելլին: Դեպքից մի քանի օր անց էլ շները վատ վիճակում էին, հավանաբար գողերը դրանց թմրեցնող դեղ են տվել: Եդիգարյանները սեպտեմբերի 16-ի առավոտյան 7-ին կովերը չգտնելով` սկզբից կարծել են, թե անասունները պարզապես տարածքից դուրս են եկել, գյուղում են որոնել: Անասունները այդպես էլ չեն գտել,բայց հարեւանի ընկուզենու տակ հայտնաբերել են անասնագողերի երկու ձեռնափայտերը: Կողոպտիչներն երեւի այդտեղ են դարանակալել: Նոյեմբերյանցի ոստիկանները, որպես իրեղեն ապացույց, վերցրել են այդ ձեռնափայտերը: Նոյեմբերյանի ոստիկանապետը, ազգային անվտանգության Նոյեմբերյանի բաժանմունքի ղեկավարը եւ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված զորամասի հրամանատարի տեղակալը անասնագողության թարմ հետքերով գնալով` հարեւան Ոսկեվան գյուղի տարածքով հասել են Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագիծ: Հրանտ Եդիգարյանն էլ իրավապահների եւ զինվորականների հետ կողոպուտի հետքերով գնալով, համոզվել է, որ դրանք ձգվում են հարեւան երկրի սահման: Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ եւս նշվում է , որ գողության հետքերը տանում են դեպի Ղուշչի Այրում: Անասնագողերը ընդհանուր առմամբ 5 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ 13 կովի եւ 13 ցլիկի հետ գողացել էին նաեւ Եդիգարյանների 3 ձիերից մեկը`նժույգը: Այն վերջերս Նոյեմբերյանից գնել էին 125 հազար դրամով: Նժույգի առաջի երկու ոտքը պայտած է: Դրա հետքերը, գողացված նախիրի հետ, հասնում է սահման: Սակայն անասնագողությունից երկու օր անց` սեպտեմբերի 18-ի երեկոյան հարեւան Ջուջեւան գյուղից զանգահարել եւ ասել են` այստեղ նժույգ կա , գուցե ձե՞րն է,եկեք: Եդիգարյաններին կասկածելի է թվում, որ վերջերս գնած եւ իրենց ընտանիքին դեռ լավ չընտելացած կենդանին սահմանի այն կողմից ետ է եկել: Նրանք կասկածում են, որ անասնագողերից մեկը սահմանից ձիով ետ է վերադարձել: Սակայն նժույգի Ջուջեւան վերադառնալը հնարավոր է ավելի պարզ պատճառ ունի. այնտեղ զուգընկերուհի ձիու առկայությունը: Այս անասնագողությունը ընտանիքին հուսահատության դուռն է հասցրել: Անասնագոմում մնացել են 13 հորթեր, որոնք առանց մայրական կաթի հազիվ թե գոյատեւեն: Եդիգարյանները, ովքեր ամբողջ կյանքում անասնապահությամբ են զբաղվել, անասունների կորստից հետո չգիտեն ի՞նչ անել: -Վարկ կվերցնեի, երկու կով կգնեի, սակայն վախենում եմ` նորից գան-գողանան, հետո վարկը ինչպե՞ս փակեմ, -ասում է Հրանտի որդին`38-ամյա Արմենը` աչքերին քարացած արցունքներ: Նելլի Եդիգարյանն ասում է, որ 90-ական թվականներին պատերազմի ժամանակ կրած սարսափներից հետո ինքը շաքարախտ հիվանդություն է ձեռք բերել: Շաքարախտով հիվանդ նաեւ ամուսինը`65-ամյա Հրանտ Եդիգարյանը: -Ադրբեջանցին եկել, մեր տան շեմքից անասունները տարել է: Գողության օրը թոռնիկներս խիստ երկյուղած էին, վախից պատսպարվել էին իրենց ծնողների սենյակում: Ես վախենում եմ, որ անչափահաս 3 թոռնիկներս էլ ինձ նման վախից կհիվանդանան: Սա մեծ հարված է մեր ընտանիքին, "ինֆարկտի բուն է",-ասում է տիկին Նելլին: 61-ամյա կինն ասում է, որ գումար չունենալու պատճառով հնարավորություն չունի կոտրված ոտքի գիպսե կաղապար պատվիրել: Եդիգարյան ընտանիքի երեք որդիներից կրտսերը` Արայիկը պայմանագրային զինծառայող է, պաշտպանում է հայ-ադրբեջանական սահմանը: Եդիգարյանների ընտանիքին անասանագողությունից հետո դրամական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին: Գողության այս դեպքի քննությունը կատարում է ոստիկանության Նոյեմբերյանի բաժանմունքի քննիչը: Նոյեմբերյանի ոստիկանապետ Ստեփան Մելքոնյանը վկայակոչելով քննության գաղտնիությունը` դրա ընթացքի մասին տվյալներ չհայտնեց: Նոյեմբերյանի ոստիկանությունը անասնագողության դեմ պայքարի նպատակով սահմանամերձ գյուղերում պարեկող խմբեր ունի, որոնք ամիսներ շարունակ գիշերային հսկողություն են իրականացնում: Վերջին շրջանում դրանց ավելացել են նաեւ մեքենաներով շրջող խմբերը: Սակայն ոստիկաններն ինչպե՞ս կարող են կիլոմետրերով ձգվող գյուղերի բոլոր գոմերը հսկել: Փորձը ցույց է տալիս, որ անասնատերերը կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու դեպքում կարողանում են որոշ դեպքերում փրկել իրենց ունեցվածքը: Այս տարվա փետրվարի լույս 21-ի գիշերը Բաղանիսի հարեւան, սահմանամերձ Ոսկեվանում գողացել էին Էդիկ Գարդիշյանի 6 կովը , 5 ցլիկը եւ հորթը: Այդ նույն գիշերը հափշտակել էին նաեւ ոսկեվանցի Սեյրան Մելքոնյանի 2 կովը: Այդ գողությունից հետո սահմանապահ գումարտակի թիկունքի պետ, մայոր Գարդիշյանն անասնագոմի դուռը փոխեց, տեղադրեց երկաթյա դուռ: Երկու ամիս անց, ապրիլի 18-ի գիշերը անասնագողերը ապարդյուն փորձել էին կոտրել նույն անասնագոմի` արդեն երկաթյա դուռը: Դրանում ձախողվելով` նրանք, այնուամենայնիվ, գողացել են Գարդիշյանի երկու ձին, որոնք գիշերը տանից քիչ հեռու, այգում էին գտնվում: Դովեղի բնակիչ Գարիկ Ամիրխանյանը մի քանի տարի առաջ անասնագոմում ազդանշանային համակարգ` դպրոցական զանգ էր տեղադրել: Եվ մի գիշեր, լռության մեջ զիլ հնչեց զանգը, անասնագողերն էլ սարսափահար փախան: Մի դիտարկում: Հրանտ Եդիգարյանի, էդիկ Գարդիշյանի, Սեյրան Մելքոնյանի գողացված անասունները քշվել են Ղուշչի Այրում: 2008թ. հունիսի 10-ին Բաղանիսի բնակիչ Բաղիշ Հարությունյանի 104 ոչխարի, 40 գառի եւ 6 այծի գողության հետքերը եւս այդ սահման են ձգվում: Հարց է ծագում` ինչու՞ սահմանը չի ականապատվում: Մի քանի տարի առաջ Բարեկամավանի սահմանում ադրբեջանցի անասնագողերը պայթեցին ականապատված սահմանում, եւ այդ գյուղից այլեւս անասնագողություն չեն հափշտակվում: Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների կյանքի եւ գույքի անվտանգությունը: Անասնագողությունները սահմանամերձ գյուղերում տագնապի եւ անվստահության մթնոլորտ են ստեղծում, նպաստում արտագաղթին: Տագնապի զանգն արդեն 15 տարի ղողանջում է: Հազարավոր անասուններ են քշվել Ադրբեջան: Ե՞րբ է դրան վերջ դրվելու: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |