Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
15:43 Սխալների օրագիր | |
Հայաստանի անկախացումից հետո հայ երեխաների ձեռքերին թուրքական արտադրության տետրեր էին “օկուլ դեֆտերի” այսինքն` “ զգուշացիր դիֆտերիայից” մակագրությամբ: Հիմա Հայաստանում որակյալ տետրեր ու օրագրեր են արտադրում, որոնք, բացի բուն գործառնական նշանակությունից, նաեւ տեղեկատվություն են պարունակում պետական օրհներգի, հանրապետության տոների, հիշատակի օրերի եւ այլնի վերաբերյալ: Հարեւանիս դպրոցական աղջկա ձեռքին գեղեցիկ դիզայնով, որակյալ տպագրությամբ օրագիր էր: Կանաչ կազմին հայերեն “օրագիր” էր գրված, ներքեւում երկու գեղեցիկ շներ են` մելամաղձոտ հայացքով: Երկրորդ էջին ՀՀ դրոշն է եւ զինանշանը , ներքեւում աղյուսակով ներկայացված են հանրապետության մարզերը եւ Երեւանը` դրանց տարածքի չափը, բնակչության եւ համայնքների քանակը: “ LRS print ” կազմակերպությունը օրագրի կազմին նման տեղեկատվություն զետեղելով` բարի նպատակ է հետապնդել, որ երեխաները լավ ճանաչեն հայրենի երկիրը: Սակայն նշված աղյուսակի բովանդակությանը ծանոթանալով` համոզվում ես այն հին ճշմարտության մեջ, որ բարի նպատակը միշտ չէ, որ բարի արդյունք է ապահովում: Ըստ այդ աղյուսակի,Տավուշի մարզի բնակչության թիվը 180 հազար է: Ինչպես ասել է ԱՄՆ նախագահներից մեկը, կլոր թվերը միշտ էլ կասկած են հարուցում: Տավուշի մարզը երբեք այդքան բնակիչ չի ունեցել: Ազգային վիճակագրական ծառայության Տավուշի մարզային գործակալությունից ստացված տվյալներով` ներկայումս Տավուշի մարզի բնակչությունը 134 հազար 100 է: Ինչպես տեսնում ենք` սխալը “չնչին” է` 45 հազար 900: Այսինքն`ավելի մեծ, քան Տավուշի մարզի երկու ամենամեծ քաղաքների` Իջեւանի եւ Դիլիջանի բնակչությունը միասին վերցրած: Տավուշի մարզի աշակերտներն ամեն օր հարազատ մարզի բնակչության վերաբերյալ սխալ թիվ են տեսնում: Միգուցե “ LRS print ” ընկերության պատասխանատուները այս թվերը վերցրել են պաշտոնական այլ աղբյուրներից: Բացում եմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կայքը, նայում Տավուշի մարզի բաժինը: Այնտեղ մարզի բնակչության թիվը տասնամյա հնության է, նշված է, որ 1999թ. ապրիլի 1-ի դրությամբ մարզում բնակվել է 155 հազար 231 մարդ: Դար է փոխվել, հազարամյակ, կարծում եմ` վաղուց ժամանակն է այդ կայքում թարմացնել մարզի բնակչության թվի մասին տեղեկատվությունը: Անցած 10 տարում Տավուշի բնակչությունը նվազել է 21 հազար 131 մարդով: Սակայն սա արդեն ուրիշ մտահոգության խնդիր է, որ հանգամանալի վերլուծության կարիք ունի: Նույն չարաբաստիկ օրագրում մարզի տարածքը 2.7 հազար քառակուսի կիլոմետր է, մինչդեռ իրականում Տավուշը 2710 քառ. կմ տարածք է զբաղեցնում: Դե, 10 քառակուսի կիլոմետրն ինչ է որ: Նույն կերպ օրագրում Լոռու մարզի տարածքը 3700 քառ. կմ է նշված, մինչդեռ իրականում այն 3789 է: Օրագրի աղյուսակում Լոռու բնակչությունը 370 հազար է: Տարածքային կառավարման նախարարության կայքի համաձայն, 2009թ. հունվարի 1-ի դրությամբ մարզի բնակչությունը կազմում է 322 հազար 373 : Այս դեպքում օրագրում “հավելագրումը” կազմում է 47 հազար 627: Արմավիրի մարզի տարածքը օրագրում 42 քառ. կմ պակաս է նշված, իսկ բնակչության թիվն էլ 280 հազար է : Մինչդեռ տարածքային կառավարման նախարարության կայքի Արմավիրի մարզի բաժնում մարզի բնակչության թիվը 2007թ. հունվարի 1-ի դրությամբ 312 հազար է: Պարզ է, որ երկու տարում այդ մարզի բնակչությունը 32 հազարով չէր կարող նվազել: Ինչպես տեսնում ենք`օրագրում սխալները վերաբերում են ոչ միայն Տավուշի մարզին:
Ավելին, սխալները միայն արդի շրջանով չեն սահմանափակվում: Սխալներ կան նաեւ օրագրի վերջում զետեղված հայ ժողովրդի պատմության գլխավոր տարեթվերում: Օրինակ, 1375 թվականի դիմաց գրված է “Կիլիկիայի հայկական թագավորության ծաղկումը”: Մինչդեռ այդ թվին Կիլիկիայի թագավորության անկումն է եղել: Նույն շարքում գրված է, որ 5-րդ դարի երկրորդ կեսին Դվինը եղել է Հայաստանի մայրաքաղաք: Ինչպես կարող էր 5-րդ դարի երկրորդ կեսին Դվինը լինել Հայաստանի մայրաքաղաք , չէ որ 428 թ. Արշակունյաց թագավորությունը վերացվել էր: Գոնե մխիթարանք է, որ oրագրի հաջորդ էջում, “Հայաստանի մայրաքաղաքները”խորագրի ներքո տեղեկացվում է` Դվինը Հայաստանի մայրաքաղաք է եղել 336-428թթ.: Եւս մի դիտարկում: Օրագրում գրառումները երկու լեզվով են` հայերեն եւ ռուսերեն: Չէ որ ռուսերեն էլ մեզ համար օտար լեզու է, այդ դեպքում ինչու? անգլերեն չի գրված: Կարծում եմ`կրթության եւ գիտության նախարարությունը պետք է հետամուտ լինի, որ ակնհայտ մեծ սխալներով այս օրագիրը դպրոցներում գործածությունից հանվի: Որքան շուտ, այնքան` լավ: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |