Երեւանում մանկապարտեզները մինչ փետրվարի 1-ը փակ են, իսկ Տավուշի մարզի նախադպրոցական հաստատությունների մի մասը հունվարի 11-ից գործում է: Նոյեմբերյան քաղաքի երկու մանկապարտեզներն ամանորի տոնից հետո վերսկսել են աշխատանքը: Ճիշտ է` քաղաքի թիվ 2 մանկապարտեզում 106 սանից հունվարի 26-ին մանկապարտեզ էր հաճախել 83 երեխա, սակայն դաստիարակների խոսքերով դա կապ չունի գրիպի հետ, պարզապես ծնողները չեն ցանկացել հունվար ամսվա մեջ երեխայի 20 օր հաճախելու համար մի ամսվա վարձ տալ: Նոյեմբերյան քաղաքի ՙԼուսածիր՚ ՀԿ նախագահ Աիդա Զուրաբյանը հայտնեց, որ այս կազմակերպության մանկական կենտրոնը փետրվարի 1-ից կվերսկսի աշխատանքը: Բերդի քաղաքապետ Անդրանիկ Շառյանից տեղեկացա, որ քաղաքի 2 մանկապատեզներն էլ հունվարի 11-ից գործում են: Իջեւանի Աչաջուրի գյուղապետ Համո Գեւորգյանը հայտնեց, որ գյուղի մանկապարտեզը գազաֆիկացված է եւ ամանորից հետո վերսկսել է աշխատանքը: Իջեւանի Գանձաքար համայնքի ղեկավար Շահեն Շահինյանն խոսքերով` հունվարի 11-ից գյուղի մանկապարտեզը վերսկսել է աշխատանքը: Այս մանկապարտեզը ջեռուցվում է վառելափայտով: Սարիգյուղի մանկապարտեզն էլ, ուր 35 երեխա ունի, փետրվարի 1-ից կվերսկսի աշխատանքը: Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Աշոտ Փաշինյանի խոսքերով, երբ հեռուստատեսությամբ հաղորդել են Երեւանում մանկապարտեզները մինչ փետրվարի 1-ը փակ լինելու մասին, Տավուշի մարզի շատ համայնքներ հետեւել են այդ օրինակին: Դա արվել է թե ֆինանսական, թե առողջապահական նկատառումներով: Օրինակ, Դիլիջան քաղաքի 6 մանկապարտեզներից ներկայումս գործում է միայն մեկը, որպեսզի աշխատող ծնողները կարողանան իրենց երեխայի խնամքի հարցը լուծել: Կրթության վարչության պետը չկարողացավ ասել, թե մարզի 46 մանկապարտեզներից ներկայումս քանիսն է գործում: