Տավուշի մարզի 4 քաղաքները` Իջեւանը, Դիլիջանը, Բերդը եւ Նոյեմբերյանը ունեն գլխավոր հատակագծեր: Այդ նպատակով 10-ական միլիոն դրամ է ծախսվել: Գոտեւորման նախագիծ ունի նաեւ Հաղարծին գյուղը: Իսկ Այրում քաղաքը գլխավոր հատակագիծ չունի: Այրումի գլխավոր հատակագիծ պատրաստելու համար կպահանջվի 6-7 միլիոն դրամ: Սակայն համայնքը այդ գումարը չունի: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը բացասական արտահայտվեց վերոհիշյալ 4 քաղաքների գլխավոր հատակագծերի որակի մասին, դրանք բնութագրելով իրականությունից հեռու, ՙնկար՚: Այդ ՙնկարները՚ քաղաքների կառուցապատման ժամանակ խնդիրներ են առաջացնում: Գլխավոր հատակագիծը թանկ հաճույք է, սակայն մարզի համայնքների հնարավորությունները թույլ են տալիս ունենալ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ: Ըստ մարզպետ Ա. Ղուլարյանի, դրանց մշակելը բարդ գործ չէ: Ժամանակավոր սխեմաները շատ կարեւոր են, դրանց միջոցով առանձնացվում են օտարման գոտիները, բնակարանային եւ այլ շինարարության տարածքները, գերեզմանատեղերը եւ այլն: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ Միսաք Մելքումյանի տվյալներով` մարզի շատ համայնքներ` Աճարկուտը, Արճիսը, Չինչինը, Չինարին, Դովեղը, Գոշը, Հաղթանակը, Խաչարձանը, Կոթին, Լուսահովիտը եւ այլն, ներկայումս չունեն հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ:
|