Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
01:42 Չինարին փորձում է շտկել մեջքը | |
Իսկ կրակոցները սահմանին՝ չեն դադարում
Տավուշի մարզի Չինարի գյուղը, գտնվելով հայ-ադրբեջանական սահմանին՝ 1991-1994թթ. բազմիցս ենթարկվել է ռմբակոծությունների: Տարիներ են անցել սարսափելի այդ օրերից, սակայն մինչեւ այսօր Չինարիի սահմանին դեռ կրակոցներ են լսվում: Բնակիչների համար դա սովորական երեւույթ է դարձել, եւ եթե մի քանի օր անդորր է լինում, «անհանգստանում» են՝ մտածելով. «Տեսնես ադրբեջանցիների մտքներին ի՞նչ կա»: Չինարեցիների մեծ մասը հեռացել է գյուղից ու 385 ընտանիքներում հիմնականում ծերեր են բնակվում: Գյուղի մշակելի հողատարածքներն ու արոտավայրերը գտնվում են ադրբեջանական սահմանին մոտ, այդ է պատճառը, որ չինարեցին չի կարողանում զբաղվել հողագործությամբ կամ անասնապահությամբ՝ որպես իսկական գյուղի բնակիչ: Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը բազմիցս դիմել է համապատասխան մարմիններին՝ օգնության ակնկալիքով: 2008թ. գյուղի 72 հա սահմանամերձ հողատարածքները վերջապես ազատվել են հարկերից: «Տարածքային կառավարման նախարարին տեղեկացրել եմ, որ թշնամին իր սահմաններն ավելի առաջ է բերել, որի հետեւանքով հաճախակի են դարձել հրաձգությունները՝ մեծ վնաս պատճառելով Չինարիին: Անհնարին է դարձել գյուղի բնականոն կյանքը: Այս ամենից հետո, հանգամանքները հաշվի առնելով՝ կառավարությունն ազատեց հարկերից սահմանամերձ մշակելի հողատարածքները: Սակայն սա հարցի լուծում չէ, սոցիալական ծանր վիճակը շարունակվում է, հստակ ծրագրեր են պետք»,- ասում է Ս. Սաղոյանը: ՀՀ կառավարությունը սահմանամերձ գոտիների վերաբնակեցման ծրագիր է իրականացնում՝ տուժած ընտանիքներին տրամադրելով անհրաժեշտ գումար, սակայն չինարեցիները նախընտրում են հաստատվել գյուղից դուրս՝ մայրաքաղաքում կամ ապահով այլ վայրում, քան ապրել «կրակի տակ»՝ անընդհատ լարված վիճակում: Այս քայլը բոլորովին չի խրախուսում գյուղից հեռացածներին, սակայն գյուղապետը հավաստիացնում է, որ այս տարի ծրագրի շրջանակներում երկու ընտանիք վերադարձել է Չինարի: 2008թ. հունիսին հրաձգությունների արդյունքում մահացել են Չինարիի բնակիչներ՝ 20-ամյա Լեւոն Սաղոյանը, 45-ամյա Ռաֆիկ Սաղոյանը, ծանր վիրավորվել է Սամվել Միրզոյանը: 2009թ. խոշոր տրամաչափի զինատեսակներից հիմնովին այրվել են Սիլվա Ապերյանի եւ Հրանուշ Սաղոյանի բնակարանները, ինչի հետեւանքով Ս. Ապերյանը հայտնվել է անօթեւան վիճակում: Այս դեպքերից հետո կրկին աշխուժացել է արտագաղթը: 2009թ. դպրոցական դասամատյաններից 20 աշակերտի անուն է հանվել՝ գյուղից հեռացել են ընտանիքով: Մեծ խնդիր է նաեւ ճանապարհների վիճակը: Մոտ 200 կմ մայրաքաղաքից հեռու գտնվող այս գյուղում ավելի քան 20 տարի չեն վերանորոգվել ճանապարհները: Դրանք պատուհաս են մեքենա ունեցող բնակիչների համար: Գյուղի գրադարանը, որ ստեղծվել է 1970-ական թվականներին, ավելի քան 20 տարի նոր գրականությամբ չի համալրվել: Մոտ 165 ընթերցող ունեցող գրադարանի ֆոնդը 7000 միավոր գրականություն է՝ հիմնականում խորհրդային շրջանի գաղափարական բովանդակությամբ գրքեր: Գրադարանը տեղակայված է բազմիցս հրետակոծությունների ենթարկված մշակույթի տան շենքում: Չնայած այս ամենին, գյուղապետը լավատես է, նշում է, որ դիմումներից հետո այս տարի կիրականացվի մշակույթի տան վերանորոգումը: «Հայաստանի սոցիալական հիմնադրամը» 65 մլն դրամ է տրամադրել վերանորոգման համար: Գյուղի գրադարանը ժամանակավորապես միացվել է դպրոցական գրադարանին, իսկ շենքի վերանորոգման ավարտից հետո այն կգործի հարմարավետ սենյակում: Գյուղը զուրկ է նաեւ տեղեկատվություն ստանալու իրավունքից. ստանում է միայն «Հայաստանի Հանրապետություն» թերթը, այն էլ գյուղ է հասնում բավականին ուշացումով: Գ. ՋՈՒԼՀԱԿՅԱՆ www.aravot.am | |
|
Всего комментариев: 0 | |