Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
11:52 Դիլիջանցիները հայ-թուրքական երկխոսության մասին | |
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հավակնոտ անվանումով ՀԿ-ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրների վերաբերյալ, ինչպես իրենք են վերնագրել` «համահամայնքային քննարկումներ» են կազմակերպում: Արտաշատից, Եղեգնաձորից, Սիսիանից, Մարտունուց եւ Հրազդանից հետո, սեպտեմբերի 30-ին, քննարկման հերթը Դիլիջանինն էր: Քաղաքի հարավային մուտքի մոտ, «Հաղարծին» ռեստորանում հավաքվել էին Դիլիջանի մոտ 200 ներկայացուցիչներ` ուսուցիչներ, ՀԿ-ների ղեկավարներ, ուսանողներ եւ այլոք: Ողջյունի խոսքով հանդես եկան « Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լեւոն Սարգսյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Պ-ն Պողոսյանն ասաց, որ քննարկման արդյունքները կներկայացվեն ՀՀ նախագահին եւ արտգործնախարարին: Թեեւ ազատ, առանց նախապայմանների քննարկում էր նախատեսված, սակայն արդեն իսկ քննարկումը «կանոնակարգված» էր հայ-թուրքական հարաբերությունների զարգացման մտացածին, ինչպես ՀԿ-ի ներկայացուցիչներն էին ասում` «հիպոթետիկ» 5 սցենարների շուրջ: Այդ սցենարների տեքստերը դահլիճում տեղադրված երկու էկրաններին էին, նաեւ` մասնակիցներին բաժանված գույնզգույն թերթիկների վրա: ՀԿ-ի ներկայացուցիչը, որպես սեղանավար, վարում էր տվյալ խմբի քննարկումը: Բոլոր սեղանների շուրջ միաժամանակ քննարկում էր, Ժխոր էր տիրում , այնքան, որ «մեր սեղանի» քննարկում վարողը Սուրենը բավական թեքվում էր դեպի խոսողը, թեեւ վերջինս ընդամենը 1.5-2 մետր հեռավորությամբ էր գտնվում: Քննարկումների կեսից գործի անցան հանրապետական 5 հեռուստաընկերությունների նկարահանող խմբերը` սեղանների շուրջ հարցազրույցներ վերցնելով: Սեղանի շուրջ, կողքիս Դիլիջանի պետական քոլեջի մոտ 18 տարեկան մի ուսանողուհի էր` եւս մեկ դեռատի աղջկա հետ : Ուսանողուհուց իմացա, որ իրենց քոլեջի 10 ուսանողներ ներկա էին այս քննարկմանը: Այստեղ էր նաեւ քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանը: Երբ սեղանավար Սուրենը կատակով դիմեց ուսանողուհիներին` կամուսնանայի՞ք թուրք տղաների հետ , աղջիկները շիկնեցին: Արդեն լուրջ ձեւով հանդիսավարը հարցրեց քոլեջի ուսանողուհուն` հնարավո՞ր է, որ Հայաստանը հայ-թուրքական սահմանի բացման դեպքում տնտեսապես շահի, սակայն քաղաքական ոլորտում մնա ազգային հարցերի պահանջատեր: Ուսանողուհին կարճ կապեց` ոչ: Քննարկում վարողի փորձը` բացահայտելու նման տեսակետի հիմնավորումները , ապարդյուն էին: Աղջիկը լռեց` երեւի անհարմար վիճակի մեջ ընկնելուց զգուշանալով: Իսկ դահլիճի երկու մեծ էկրանններին շարունակվում էին հայտնվել քննարկման մասնակիցների ուշագրավ, հաճախ իրարամերժ կարծիքները թուրքերի կերպարի , հայ-թուրքական սահմանի, մեր դիվանգիտության անճարակության եւ այլնի վերաբերյալ: Ահա դրանցից մի քանիսը` «պապս թողել է իր հողը, տունը, բայց ես իմ պապի տունն ումի՞ց եմ պահանջելու»,« թուրքերը մեզանից ավելի շատ են վախենում, քան մենք նրանցից»,«մենք լոկ պտտվող օղակի մասնիկն ենք եւ ոչ թե օղակ պտտեցնողը», «ամբողջ աշխարհում հայերն իրենց տեղն ունեն, մենք ամեն ինչ կարող ենք արտահանել, ուժեղ ազգ ենք», «թուրքը մնում է թուրք»: Քննարկումը տեւեց 80 րոպե, էկրաններին հայտնվեց մասնակիցների 268 միտք, տեսակետ, արտահայտություն: Հետո եկավ 5 սցենարների միջեւ ընտրության ժամանակը: Դրանք հետաքրքիր անուններ ունեն` «Լուռ ապաշրջափակում», «Բաց սահման պահանջատերերի միջեւ», «Արեւմտյան ճակատում` անփոփոխ» (երեւի Ռեմարկի համանուն գրքից տպավորված), «Շահումն ու շահողը` անհայտ»»(իսկը` հայկական լոտո) եւ «Քայլ ձիով»(սա էլ տուրք շախմատին): Ուշագրավ է, որ դեպքերի զարգացման 5 տարբերակներից լոկն մեկն էր ենթադրում սահմանի փակ մնալը: Կայացավ երկու քվեարկություն, մասնակիցները քվեարկեցին, թե 5 սցենարներից ո՞րն է իրենց համար նախընտրելին եւ երկրորդ` իրենց կարծիքով ո՞րն է ավելի իրականը: 72 քվեով նախընտրելի համարվեց « Քայլ ձիով» տարբերակը: Սա սահմանի բացման այն սցենարն է, երբ Հայաստանին դիվանագիտության ոլորտում հաջողվում է իրարից անջատել ցեղասպանության միջազգային ճանաչման եւ հայ-թուրքական երկխոսության գործընթացները,Հայաստանը, փոխկապակցելով իր շահերը գերտերությունների հետ, ի վիճակի է լինում հասնել տնտեսական շահերի առաջմղմանը` առանց քաղաքական առանցքի թուլացման: Սա մեր երկրին հնարավորություն է ընձեռում Թուրքիայի արեւելյան , հիմնականում քրդաբնակ հատվածին հաղորդել « վիճելի» կարգավիճակ: Ամենաիրատեսականը, սակայն համարվեց(52 քվեով) «Լուռ ապաշրջափակում» սցենարը, երբ սահմանի բացումը,հայ-թուրքական երկխոսությունն իրական տեղաշարժեր չեն բերում, իսկ հայոց ցեղասպանության ճանաչման խնդրի արծարծումները խիստ քննադատության են ենթարկվում միջազգային քաղաքական- վելուծական կենտրոննների եւ լրատվամիջոցների կողմից: Այդ դեպքում թեեւ սահմանի բացումը Հայաստանի սահմանային շրջանններում որոշ աշխուժացման է բերում, սակայն էական ազդեցություն չի թողնում բնակչության վրա, մեծացնում միայն գործող տնտեսվարողների (իմա` օլիգարխների) շահույթները: Այս քվեարկությունները բացահայտեցին երկու բան` քննարկմանը ներկա դիլիջանցիները հասկացել են, որ սահմանի բացման եւ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների հարցը լուծվելու է, սակայն Հայաստանի հասարակ ժողովրդին դրանից այնքան էլ օգուտ չի լինի: Ոսկան Սարգսյան | |
|
Всего комментариев: 0 | |