Լուրեր [196] |
Բնապահպանական [11] |
Խմբագրական [5] |
Քրեական [7] |
Առողջապահական [5] |
Սոցիալական [6] |
Գյուղատնտեսություն [5] |
Դատական [7] |
Կրթություն [7] |
Վիդեոսրահ [1] |
Մշակույթ [5] |
Մարզական [9] |
Համայնք [21] |
18:17 Լինել ուսուցիչ | |
Եթե մի կողմ տանենք սուրբ,ազնիվ,վեհ, նվիրյալ, սիրելի, հարգարժան եւ նման այլ բառերի վարագույրը, որ ինքնին սրբագործվել է դարեդար`սկսած մեր Ուսուցչապետ Մաշտոցի ժամանակներից, պարզ կդառնա այն բարդ, բայց նաև որոշակիորեն հակասական էությունը, որ ունի այսօրվա ուսուցիչը: Այո, այսօրվա, քանի որ այսօրն իսկապես այնքան խառն ու իրարամերժ զգացմունքների տեղիք է տալիս, որ ճիշտ չի լինի ուսուցչից կամ աշակերտից պահանջել միանշանակ հարգանք ու ակնածանք, սեր ու նվիրվածություն: Որ այդ իրոք մարդկային հատկանիշները շատ անհրաժեշտ են ընդհանրապես, բոլոր ժամանակներում` կասկածի ենթակա չէ,բայց թե ներկայում այնքան այլ հանգամանքներ կան, որոնք խանգարում են բնական ռիթմերին, անշեղ ընթացքին, զուտ մարդկային հարաբերություններին: Կա սոցիալիական դժվարին կացություն, գործազրկություն ու հացի խնդիր, հեղհեղուկ, անկայուն վիճակ` դպրոցական ծրագրերում ու դասագրքերի հարափոփոխ շարքերում, 12-ամյայի հետ կապված զանազան հարցերում, ուսուցիչների հիմնավոր վերապատրաստման խնդիրներում, տեխնիկական նորամուծությունների, դպրոցների վերազինման ընթացքում:
Նոր ժամանակն ունի նաեւ մի յուրահատուկ հակասականություն, ինչը եւս ակնհայտորեն խանգարում է թե ուսուցիչներին, թե աշակերտներին` լիարժեք կառուցելու ուսուցման ու դաստիարակության չափանզանց պատասխանատու գործնթացը: Խոսքը համաշխարհայնացման կամ առնվազը եվրոպականացման եւ միեւնույն ժամանակ ազգայնացման մասին է:Նա, ով մանկավարժ է, մանավանդ ոչ այնքան երիտասարդ, չի կարող չմտահոգվել այս հարցում, որովհետեւ կամա-ակամա իր կաշվի վրա է զգում ազդեցությունը: Դասագրքեր, իհարկե, կան, մեթոդական ուղեցույցներ, պլաններ ու ծրագրեր, բայց միեւնույնն է` պակասում է մի շատ կարեւոր հանգամանք: Հենց ներքին ներդաշնակությունն է պակասում, ինչի չլինելը անմիջականորեն ազդում է ուսման սիրո վրա: Խաղային համագործակցային մեթոդները բավականաչափ ներգրավող են, բայց կան գիտելիքներ, որ առավել հիմնավոր են տպավորվում երեխայի ուղեղում ու սրտում, այո` սրտում, եթե նա կարդում է գիրքն ու շարժում իր միտքն ինքնուրույն դրսեւորմամբ: Իսկ այդ հնարավոր է միայն միմիայն իրական իրական սիրո դեպքում, ինչն , ավաղ, այսօր շատ է նվազել: Վերջերս մի երիտասարդ ուսուցչուհի նեղսրտում էր, որ տասնմեկերորդ դասարանի աշակերտներին Տերյանը գրեթե չի հետաքրքրում: Զարմանում է` ինչու՞, ի՞նչն է պատճառը: Մի՞թե որեւէ հայ, այն էլ պատանի կամ աղջիկ,կարող է չսիրել Տերյանին, չհետաքրքրվել նրա կենսագրությամբ ու պոեզիայով, նրա չքնաղ լեզվամտածողությամբ ու լուսեղեն պատկերներով: Բայց արի ու տես «ի~նչ օրեր են եկել: Դե եկ, վարդապետ ու մի խենթանա…»: Ասում են, թե ներկա սերունդը չի կարդում: Ասում են նաեւ, որ կարդացողը կարդում է: Ամեն դեպքում` ուսուցիչը պետք է ամեն ջանք գործադրի, միայն թե հայ երեխան հայ մնա, հայի հոգեկերտվածք ու մտածելակերպ ունենա: Ի՞նչ անել… Զավեն Պետրոսյան «Տեսանկյուն» - Զավեն Պետրոսյանը շատ կարեւոր թեմա է արծարծում: Ակնկալում ենք արձագանքներ, հատկապես` մանկավարժների եւ երիտասարդության: | |
|
Всего комментариев: 0 | |