Իջեւան քաղաքի ավագանու 13 անդամներից 8-ը հոկտեմբերի 2-ին նամակով դիմել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ հայտնում են Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին անվստահություն հայտնելու մասին: Նամակում ասված է. "Թվով 13 անդամ ունեցող Իջեւան քաղաքի ավագանու եւ համայնքապետ Վ. Ներսիսյանի համատեղ գործունեությունը մտել է փակուղի: Քաղաքապետի կամայականություններն ու քաղաքը միաձնյա կառավարելու մոլուցքը ներքոստորագրյալներիս վերջնականապես կողմնորոշել են սկսել քաղաքապետի անվստահության գործընթացը: Քաղաքապետի եւ նրա աշխատակազմի գործունեության որոշ ոլորտներ համառորեն շարունակում են անվերահսկելի մնալ նույնիսկ ավագանու անդամների համար: Մենք զրկված ենք մամուլում հրապարակված քաղաքապետին ուղղված կոռուպցիոն մեղադրանքները մեր իրավասությունների շրջանակներում պարզաբանելու հնարավորություններից: Խորապես համոզված ենք, որ մանրամասն ծանոթանալով մեր ծավալուն փաստարկներին` կսատարեք այս գործընթացին: Եվ համայնքային սեփականությունը, պետբյուջեից ստացվող դոտացիան ու ֆինանսական մյուս միջոցները վատնող եւ անձնական բարեկեցությունը հետապնդող քաղաքապետը վերջապես պաշտոնանկ կարվի":