Դեկտեմբերի 21-ին, ժամը 10-ին պետք է կայանար Իջեւան համայնքի ավագանու նիստ: Նիստի օրակարգում քաղաքի 2010թ. բյուջեի նախագծի քննարկումն էր: Երբ տողերիս հեղինակը փորձում էր մտնել քաղաքպետարանի աշխատասենյակ, ուր սկսվել էր ավագանու նիստ, լրագրողի առաջը փակեցին քաղաքապետարանի աշխատակիցները: Այս գործում հատկապես ակտիվ էր քաղաքապետի տեղակալ Կարեն Օթարյանը եւ քաղաքապետարանի աշխատակից Արտակ Սարհատյանը: Նրանք "դոշները դեմ արած" փակել էին քաղաքապետի դուռը: Եղավ վիճաբանություն : Իսկ դռներից անդին ավագանու 6 անդամներ էին: Քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ընթերցել է իր հերթական որոշումը` ավագանու նիստերի կեսից ավելիին անհարգելի բացակայելու կեղծ պատճառաբանությամբ Վահե Ղալումյանին ավագանու անդամ լիազորություններից զրկելու վերաբերյալ: Դրանից հետո նիստից դուրս են եկել ավագանու անդամ Գրիգոր Դանիելյանը, Սուրեն Մանուկյանը եւ Նարեկ Օհանյանը: Կարելի է ենթադրել, որ Վարուժան Ներսիսյանը կհայտարարի, որ ավագանու նիստում հաստատվել է համայնքի բյուջեի նախագիծը: Նշենք, որ ավելի վաղ բնակության վայրը փոխելու պատճառաբանությամբ ավագանու անդամի իր լիազորությունները դադարեցնելու մասին դիմում է տվել Նիկոլ Ղալթախչյանը: